ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը 4 ՔՊ պատգամավորով քննարկում է հարկային փոփոխություններ
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների երկու տարբեր նախագծեր են քննարկվում ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, որին մասնակցում են ՔՊ 4 պատգամավոր և կառավարության երկու ներկայացուցիչ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, զեկուցելով առաջին նախագիծը, հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օերնսգրքով սահմանված են մաքսատուրքերի հարկերի վճարման տարաժամկետման, հարկի վճարման ժամկետի հետաձգման հնարավորություններ, որը Հայաստանում գրոծում է միայն մաքսատուրքերի մասով, քանի որ հարկերի մասով հետաձգումն վերապահված է ազգային օրենսդրությանը:
«Հարկային օրենսդրությամբ նման կարգավորումներ չունենք, դրա համար էլ նախագծով առաջարկում ենք աքցիզային և բնապահպանական հարկի մասով սահմանել, որ եթե Միության օրենսդրությամբ սահմանված դեպքերում առկա կլինեն այն դեպքերը, որ պետք է հետաձգվի հարկի վճարման ժամկետը, ապա հետաձգումը պետք է իրականացվի տոկոսը վճարելու պայմանով, որը հաշվարկվելու է յուրաքանչյուր երկրի վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1/360 չափով՝ յուրաքանչյուր օրվա համար»,-հայտնեց Արթուր Մանուկյանը:
Հանձնաժողովն առանց էական քննարկման կողմ քվեարկեց նխագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգ ընդգրկելու որոշմանը: