Արայիկ Բաղդադյան. «Ազատ ոճային ըմբիշների ելույթներից այդքան էլ գոհ չեմ»
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է անցնող տարին և խոսել 2016 թվականի ծրագրերի մասին:
- Պարոն Բաղդադյան, խնդրում եմ ամփոփել 2015 թվականը: Ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունեցաք այս տարի:
- Նախորդ տարվա համեմատությամբ ազատ ոճային ըմբիշների ելույթներից այդքան էլ գոհ չեմ: Տղաների վատ ելույթների պատճառները մի քանիսն էին՝ վնասվածքներ, հետո վերականգնողական փուլ, Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերը, որոնք հոգեբանորեն բացասաբար անդրադարձան մեր մարզիկների վրա: Այնտեղ մասնակցում էին 6 մարզիկ, որոնցից 4-ը պարտվեցին մրցավարների ոչ արդար դատավարության պատճառով: Աշխարհի առաջնությունում տղաներից սպասում էինք թե՛ մեդալներ և թե՛ 2-3 վարկանիշ: Ցավոք, չստացվեց. սպասվածից վատ հանդես եկան: Ունենք մեկ ուղեգիր՝ 125 կգ քաշային կարգում, որը նվաճեց Լևան Բերիանիձեն: Աշխարհի առաջնությունից հետո մասնակցել ենք մի շարք միջազգային մրցաշարերի, ակումբային աշխարհի առաջնությանը, որում Հայաստանը ներկայացնող «Տաշիրն» զբաղեցրեց 4-րդ տեղը: Տղաները լավ հանդես եկան: Դեկտեմբերին կայացած միջազգային մրցաշարում Գարիկ Բարսեղյանն ու Դավիթ Սաֆարյանը մասնակցեցին Նուսուևի մրցաշարին, որում Սաֆարյանը հաղթեց: Դավիթն աստիճանաբար վերագտնում է հաղթողի հոգեբանությունը:
- Հայաստանի ազատ ոճի ըմշամարտի հավաքականը տարին եզրափակում է Օլիմպիական խաղերի մեկ ուղեգրով, դեռ քանի՞ ուղեգրի ակնկալիք ունեք:
- Ես ևս երկու ուղեգրի ակնկալիք ունեմ: Եթե կարողանանք ունենալ Օլիմպիական խաղերի երեք մասնակից, ես դա հաջողություն կհամարեմ:
- Պատմեք, խնդրում եմ, արդեն ավանդական դարձած տարեվերջյան հավաքի մասին:
- Այս հավաքն ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության ուղղվածություն ունի: Գորգի վրա մարզումները չորսն են: Հավաքին մասնակցում են երեք տարիքային խմբի 55 ըմբիշ: Այս տարի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների հավաքականն առաջին անգամ է մարզումներ անցկացնում դահուկներով: Մինչև հավաքի վերջին օրն ամեն առավոտ նրանք դահուկով կմարզվեն:
- Պարոն Բաղդադյան, ի՞նչից եք սկսելու 2016 թվականը:
- Հունվարի 4-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Երևանում, որից հետո, հունվարի 15-17-ը, Իրանում կկայանա Թախտիի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն հավաքականի 3-4 համարները, իսկ առաջատարները կշարունակեն հավաքը՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանն ու վարկանշային մրցաշարերին: Հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ուկրաինայում, այնուհետև տղաները կմասնակցեն Կիևում կայանալիք միջազգային խոշոր մրցաշարի, որից հետո արդեն պարզ կլինի, թե ով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, ովքեր՝ վարկանշային մրցաշարերի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան