Բեռ բիզնեսի վրա՞. Ճանապարհներով կարգելվի 40 տոննայից ավելի մասնատվող բեռների փոխադրումը
Կառավարությունը Ազգային ժողովի դատին է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով մի շարք փոփոխություններ է առաջարկում հայաստանյան ճանապարհները պահպանելու համար:
Հարցը խորհրդարանում ներկայացնող Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ ըստ այդ փոփոխությունների, ճանապարհներով կարգելվի 40 տոննայից ավելի մասնատվող բեռների (հանքանյութ) փոխադրումը, ինչպես նաև կարգելվի տրանսպորտային միջոցի երթևեկությունը, եթե մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցում է 11,5 տոննան: Նրա ներկայացմամբ, բացառություն կկազմեն չմասնատվող բեռները փոխադրող տրանսպորտային միջոցները, որոնց երթևեկությունը կթույլատրվի հատուկ թույլտվության դեպքում:
Հատուկ թույլտվության տրամադրման կարգի ընդունումը վերապահվում է կառավարությանը: Միաժամանակ նախատեսվում է հատուկ թույլտվության տրամադրման համար գանձել պետական տուրք` 100 հազար դրամի չափով:
«Այս չափերը միջազգայնորեն ընդունված ստանդարտներ են և եթե ընդունենք այս օրենքը, մենք կկարողանանք մեր ճանապարհային ծածկը պահպանել ավելի երկար ու որակով», -հավելեց պաշտոնյան:
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը կոնկրետ օրինակներով հետաքրքրվեց, եթե օրինակ, Քաջարանի Պղնձամոլիբդենային գործարանից մոլիբդենի խտանյութը տեղափոխվում է գործարաններ, ի՞նչ բեռնատարողությամբ է գալու և եթե բեռը գերազանցում է 40 տոննան, ի՞նչ տուգանք է հասնում այդ դեպքում:
«Եվ բացի այդ ինչ է հասնում խախտումը կրկնելու դեպքում, որովհետև դա նշանակում է բեռ բիզնեսի վրա: Կարող ա ընենց լինի, որ այդ տուգանքները շատանան, ու մենք ստացվում է` խաթարում ենք ոլորտի բնականոն գործունեությունը», -նկատեց պատգամավորը:
Ի պատասխան Արթուր Առաքելյանը նշեց, որ կառավարությունը չի խաթարի որևէ ոլորտի գործունեություն ու հավելեց. «Բայց կառաջարկենք, որպեսզի բոլորը խստագույնս պահպանեն օրենսդրության պահանջները, որովհետև երբ բեռնատարը նույն հանքից ծանր բեռնված գալիս է, նա քանդում է այն ճանապարհը, որի կառուցման կամ վերանորոգման համար ավելի կապիտալ ներդրումներ են արվում, քան այն տուգանքը, որը կգանձվի նրանից»:
Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա ըստ փոխնախարարի, մինչև մեկ տոննա գերազանցելու դեպքում սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Փոխնախարի խոսքով, չմասնատվող բեռի տեղափոխման դեպք տարին հազիվ երկուսը լինի և հիմնականում մասնատվող բեռներ են տեղափոխվում Հայաստանի ճանապարահներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան