Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը
80 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Տեղեկությունը Panorama.am-ին հաստատեցին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականին Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։
1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։
1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։
Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե.Շվարցի «Թագավորը մերկ է», Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Երեքի սրտերում» (1992թ.), «Ուրախ ուղևորություն» (1994թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997թ.), «Ռոքսոլանա» (1998-2003թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998թ.), «Սերը չար է» (1999թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Պոպրիշչին» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «11:41» (2015թ.) և այլն: 1994թ-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից, 2008թ-ից՝ Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ:
1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան