Ասողիկ աբեղա Կարապետյան. «Արարատյան տոներ»-ն այս շփոթեցնող իրականության մեջ մեզ համար փարոս են
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.
«Սիրելիներ,
Այսօրվանից սկսյալ մինչև կիրակին՝ հունիս 19-ը ներառյալ, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, ընդմեջ «Արարատյան տոների», վերապրելու է Հայոց Մեծ Դարձը՝ իր նախորդող և հաջորդող հայասասան իրադարձություններով:
301 թ. Մեծ Հայքի թագավորությունը պաշտոնապես դարձավ Քրիստոնյա՝ Դրախտի և Արարատի Աստվածազգյաց Երկիրը Մեծ Դարձ ապրեց և ի հեճուկս հին աշխարհի վերագտավ իր Արարչին, իր ինքնությունը, իր առաքելությունը: Մեծ Նահապետ և Քահանայապետ Հայկի սերունդները վերստին արձակեցին արդարության եռաթև նետը և ճեղքեցին խավարը կռապաշտության,մոլորության ու անգիտության:
Քրիստոնյա Հայաստանը կնքվեց Միածնի հրաշափառ և լուսահորդ Էջքով. ի դաշտն Արարատյան, աստվածափառ Մասյաց լեռան հովանու ներքո կերտվեց համայն հայության Մայր Տաճարը, որտեղ Աստծո կամոք հաստատվեց հայոց ազգի առաքելական Սուրբ Աթոռը:
Սբ Տրդատ Գ. Մեծ արքան և Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը հիմքը դրեցին Հայոց պետության և ազգի միակ ճանապարհի:
Արդ, երեկ, այսօր և ցկատարած աշխարհի մենք ունենք մի ուղի, որն էլ մեր զորեղության, մեր հաղթանակների, մեր հավիտենկան լինելության առհավատչյան է:
«Արարատյան տոներ»-ն այս շփոթեցնող իրականության մեջ մեզ համար փարոս են, մեզ համար միտք են, մեզ համար ուժ են, որպեսզի հավատարիմ մնալով մեր քրիստոնեական սուրբ հավատքին, Աստծո դրախտին և տապանակիր Արարատին՝ ապրենք մեր ներկան և կերտենք մեր գալիքը:
Այո, երիցս այո, միմիայն Լուսո Խորան Սուրբ Էջմիածնի հարազատ՝ օգոստափառ զավակները կարող են կերտել Հայոց Նոր Արշալույսները»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի