Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը, 2016-2021թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունենալով հողօգտագործման բնագավառում սեփական լիազորություններ, դիտավորությամբ չի կիրառել դրանք և միջոցներ չի ձեռնարկել համայնքին պատկանող հողամասերիի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:
Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ համապատասխան հանձնարարագրով կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող թվով չորս հողատարածքներ զավթվել են և այդ տարածքներում կատարվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածով (4 դրվագ):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Հողամասերը զավթած անձանց, հողը փչացնելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: