Նշվել է հայ մեծանուն գրող, գորիսեցի արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան տարեդարձը
Այսօր Ակսել Բակունցի տուն-թանգարանում, նշվել է հայ մեծանուն գրող, գորիսեցի արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան տարեդարձը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Այս տարի լրացավ գրողի 123 ամյակը: Գորիսի համայնքապետարանի և Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրինության հետ համատեղ կազմակերպվեց բովանդակալից միջոցառում, որը հիշարժան պահեր պարգևեց ներկաներին։ Միջոցառման նպատակն էր` հանրությանը ներկայացնել Ակսել Բակունց մեծատաղանդ գրողի կյանքն ու գործունեությունը, դրանով ևս մեկ անգամ, հատկապես նոր սերնդի համար նորովի բացելով բակունցյան ահռելի գրական ժառանգությունը, նրա ծագումն ու արվեստը, նրա հայրենասիրությունն ու մարդասիրությունը։ Միջոցառմանը ներկա էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, բազմաթիվ հյուրեր՝ Արցախի գրողների միության նախագահ՝ Վարդան Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն` Վահագն Սարգսյանը, գրականագետներ՝ Արմեն Ավանեսյանը, Դավիթ Գասպարյանը, նկարիչ Սևադա Գրիգորյանը և այլոք։
Միջոցառումը համեմված էր ազգային երգ ու պարով և բակունցյան ստեղծագործություններով: Առաջին անգամ հանրությանը ներկայացվեց նաև Բակունցի կողմից կատարված լուսանկարների ցուցադրությունը, որը կրում էր «Հովհաննես Թումանյանի ծննդավայրը Բակունցի աչքերով» խորագիրը: Գեղանկարիչ Սևադա Գրիգորյանը Ակ. Բակունցի տուն-թանգարանին նվիրեց իր ստեղծագործություններից մեկը` Բակունցի դիմանկարը»,- ասվում է հաղորդագրությունում: