Փաշինյանին «զիբիլի վեդրոյի միջի կատու» ասելու գործով նիստը րոպեներ անց հայտարարվեց փակված
Մանուել Մանուկյանն այսօր դատարան էր եկել առանց փաստաբանի։ Ասաց՝ փաստաբան ունենալու հնարավորություն չի ունեցել, մտածել է, որ հուլիսի 1-ից ծանր վիրավորանքի համար նախատեսված քրեական պատասխանատվությունը չի գործելու։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Վ. Մարգարյանը ներկայացրեց Մանուկյանի իրավունքներն ու պարտականությունները։
Մանուկյանն ասաց՝ կփորձի ներգրավվել պաշտպան, եթե չկարողա, այդ մասին կհայտնի դատարանին։
«Քանի որ այս հոդվածը վիճահարույց էր, լուրջ չեմ վերաբերվել դրան»,-ասաց Մանուկյանը։
Մեղադրող դատախազ Գ. Ադոնցը, հաշվի առնելով պաշտպանությանիրավունքը, չառարկեց, գործի քննությունը հետաձգվեց։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 26-ին, ժամը 16։30-ին։ Նիստը հայտարարվեց փակված։
Մանուել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա անձին հանրային գործունեությամբ պայմանավորված ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր: Նա Փաշինյանի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «զիբիլի վեդրոյի միջի կատու», «քաջ Նազար»։
Մանուել Մանուկյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց` ստորագրությունը չհեռանալու մասին։