Դատավոր Լիզա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հունիսի 23-ին
Այսօր՝ հունիսի 13-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
«Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմի՝ «Քաղաքացիական օրենսգրքի» 1081-րդ հոդվածի 1-ին մասի և դատավարական իրավունքի նորմերի՝ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի, 130.1-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտում, այն է՝ Դատարանը, 21.10.2020 թվականին կայացրած վճռով բավարարելով կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցը, պատասխանողի վրա դրել է նաև կերակրողի ամուսնուն՝ հայցվորին պատճառված վնասը հատուցելու պարտականություն հայցվորի՝ վնասի հատուցում ստանալու իրավունքի ծագման վավերապայմաններից մեկը հավաստող ապացույց (ամուսնության պետական գրանցման վկայական) ներկայացված չլինելու և հետևաբար՝ Դատարանի կողմից նման ապացույց չհետազոտելու պայմաններում: Գործով մյուս հայցվորի` հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցման պահանջի մասով նույնպես Դատարանը հաստատված է համարել պահանջի հիմնավորվածությունը, ծախսերի անհրաժեշտությունը և չափի ողջամտությունը՝ դրանք հաստատող ապացույց(ներ) ներկայացված չլինելու և հետևաբար՝ դրանք չհետազոտելու պայմաններում:
Այսօրվա նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, պատասխանել ինչպես Խորհրդի անդամների, այնպես էլ միմյանց կողմից հնչեցրած հարցադրումներին:
Դատավորն արտահայտելով իր դիրքորոշումը՝ պնդել է, թե ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Կողմերին լսելուց և գործի քննության ավարտ հայտարարելուց հետո՝ Խորհուրդը հեռացել է որոշում կայացնելու: Այն կհրապարակվի հունիսի 23-ին, ժամը՝ 15.00-ին»,- նշված է հաղորդագրությունում:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին