«Հրապարակ». Իրավապահները խուզարկության են գնացել դատարանի նախագահի բնակարան. ԲԴԽ-ին բանավոր իրազեկել են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, բավարարեց կաթողիկոսի եղբորորդուն՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։
Նրան մեղադրում են մի ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու հարցում պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք վերցնելու մեջ։ Այս գործով անցնում են նաև Արմավիրի մարզի 2 դատավոր։ Մեկը դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանն է, մյուսը՝ դատավոր Արթուր Ադամյանը, որոնց էլ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանը միջնորդել է մեղմ պատիժ նշանակելու հարցում։ Թեև պատիժը, պարզվում է, այնքան էլ մեղմ չէ՝ հոդվածով սահմանված առավելագույն 8 տարուց 6 տարի է տվել դատարանը։
Մենք տեղեկացանք, որ իրավապահները խուզարկության են գնացել դատարանի նախագահի բնակարան, սակայն տանը հայրն է եղել և թույլ չի տվել՝ հայտարարելով, թե իր որդին վաղուց այդ տանը չի բնակվում։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար նախաքննական մարմինը նախ պետք է դիմի ԲԴԽ-ին՝ ստանա համաձայնություն։ Սակայն խուզարկության գնացած իրավապահները շրջանցել են օրենքի դրույթը՝ ընդամենը ԲԴԽ-ին իրազեկելով, որ այսպիսի գործողություն են իրականացնում, և ԲԴԽ-ն այն ընդունել է ի գիտություն։
Պատճառաբանությունն այն է, որ խուզարկությունը դեռ քրեական հետապնդում չի համարվում։ ԲԴԽ-ից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին, ասացին՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ գործի հետ առնչություն ունեցող որևէ մեկնաբանություն չենք տալիս։ Սրանով ակամայից հաստատեցին մեր տեղեկությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան