Ազատ ոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Իրանում կայացած «Թախթիի գավաթ» մրցաշարում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իրանում անցկացված «Թախթիի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարում:
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում ենք, որ չեմպիոնի կոչումը նվաճել է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը ծնկի վիրահատությունից 6 ամիս անց առաջին անգամ էր մրցաշարի մասնակցում: Եզրափակիչ գոտեմարտում Թևանյանը մրցել է իրանցի ըմբիշի հետ և 4-3 հաշվով հաղթանակ տարել: Հատկանշական է, որ «Թախթիի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանն ազատ ոճայինների պայքարում վերջին անգամ չեմպիոն ունեցել էր 1995 թվականին՝ ի դեմս Արա Գևորգյանի:
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի փոխչեմպիոնի կոչումն ու արծաթե մեդալը նվաճել է Արման Անդրեասյանը (70 կգ), իսկ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ արդյունքները գոհացնող են. «Այս մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքում: Այստեղ մեդալակիր դառնալը հեշտ չէ: Ծաղկաձորում ծանրաբեռնված ընդհանուր ֆիզիկական հավաքից հետո այս արդյունքներն ինձ գոհացնում են»:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Իրանի թիմին: