Առողջության համար վտանգավոր արդյունաբերական աղը շարունակում է վաճառվել որպես կերակրի աղ. ահազանգ
Հայաստանում կերակրի աղի արտադրության և իրացման ծավալները կտրուկ նվազել են, պատճառը հանրապետություն ներկրվող արդյունաբերական աղն է։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:
Տնօրենն ահազանգում է՝ ներկրված արդյունաբերական աղը, որը հիմնականում օգտագործվում է ձմռան ամիսներին սառցակալած ճանապարհների համար, ինչպես նաև՝ լվացքի փոշու, թղթի արտադրությունում, Հայաստանում վաճառվում է որպես կերակրի աղ: Տնօրենը չի բացառում, որ էժան և չստուգված աղն օգտագործվում է նաև սննդի արտադրության՝ հացի, մսամթերքի, պահածոների մեջ։
Հիշեցնենք՝ Panorama.am-ն առաջինն էր, որ 2018 թվականին բարձրաձայնեց արդյունաբերական աղի խնդրի մասին։ Մեր հրապարակումից հետո ՍԱՏՄ-ից տեղեկացրել էին, որ դա գրանցել են որպես ահազանգ և ընթացք տվել։
Այդուհանդերձ, ինչպես նշում է Արեգ Ղուկասյանը, թեև 3-4 տարի խնդրի մասին բարձրաձայնում է տարբեր պատկան մարմիններին, սակայն իր հարցերը մնում են անպատասխան։ Ավելի քան 30 նամակ է գրել համապատասխան գերատեսչություններին, այդ թվում՝ ԱԱԾ-ին, սակայն որևէ նորմալ պատասխան չի ստացել։ Տնօրենին զարմացնում է նրանց անտարբերությունը, մինչդեռ այս հարցը պետք է շուտափույթ լուծում ստանար, քանի որ արդյունաբերական աղը պարունակում է ծանր մետաղական տարրեր, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար:
«Հայաստան ահռելի քանակությամբ արդյունաբերական աղ է ներկրվում։ Այն հիմնականում ներմուծվում է Իրանից: Այդ աղը սննդի մեջ օգտագործելու համար պիտանի չէ։ Տեղյակ եմ, որ սահմանը հատելիս չի ստուգվում՝ արդյոք արդյունաբերական աղ է, թե ոչ, քանի որ դրանք բերվում են արդյունաբերության մեջ օգտագործելու համար։ Ես ավելի քան համոզված եմ, որ արդյունաբերական աղի անվան տակ ներկրվող արտադրանքն օգտագործում են որպես կերակրի աղ»,- նշում է կոմբինատի տնօրենը։
Հայաստան տարեկան ներմուծվում է 7000-ից 10000 տոննա արդյունաբերական աղ, որի գինը համեմատած մատչելի է, սակայն որակով, ըստ Արեգ Ղուկասյանի, զիջում է հայկական աղին։
Կոմբինատի ղեկավարը վստահեցնում է, որ հայկական աղի մեջ քիմիական հավելումներ չկան։
«Սովորաբար կերակրի աղ արտադրողները կիրառում են կալիումի ֆերոցեանիդ (E 536)։ Մեր կոմբինատը սկզբունքորեն դա չի օգտագործում՝ մտածելով բնակչության առողջության մասին։ Մենք աղը սպիտակեցնելու, հոսուն սարքելու խնդիր չունենք։ Եվրոպացի գործընկերները զարմանում են, թե ինչպես ենք կարողանում նման որակի աղ արտադրել։ Ցավալի է, որ ունենալով նման արտադրանք, մեր ազգաբնակչությունն օգտագործում է արդյունաբերական աղ»,- նշում է նա՝ միաժամանակ հավելում, որ իրականում մարդիկ տեղյակ էլ չեն, թե ինչ են գնում։
Ըստ Արեգ Ղուկասյանի, տեղական աղի վաճառքն աստիճանաբար նվազում է՝ տեղը զիջելով առողջության համար վտանգավոր արդյունաբերական աղին։
Նրա խոսքով՝ Հայաստանում տարեկան օգտագործվում է մինչև 10 հազար տոննա արդյունաբերական աղ, բայց անհայտ է, թե այդ աղն ինչ ճանապարհով է իրացվում. «Պետք է հստակ շուկան ուսումնասիրել, թե ինչպես և որտեղ է իրացվում այդ աղը։ Ես կրկին ահազանգում եմ և հրավիրում պետական մարմինների ուշադրությունը»։
Արեգ Ղուկասյանն ունի փաստեր ներկրված աղի որակի վերաբերյալ։ Տարբեր լաբորատորիաներից ստացված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ այդ աղում առկա ֆերոցիոնիդի քանակը թույլատրելի նորմայից ավելի է։
Նա միաժամանակ նշում է, որ իրենց ոչ թե մտահոգում է ներկրման փաստը, այլ այն, որ ՀՀ է ներմուծվում արդյունաբերական աղ, որը հետո վաճառվում է կերակրի աղի փոխարեն:
Արեգ Ղուկասյանի խոսքով՝ խանութներում տեսել է, թե ինչպես են արդյունաբերական աղը վաճառում կերակրի աղի կողքին, իսկ մարդիկ չիմանալով՝ այն գնում են. «Սա ազգային անվտանգության հարց է։ Կարծում եմ, որ մեր իրավասու մարմինները պետք է հասկանան, որ մեկ օր ուշացումը բերելու է մի շարք խնդիրների, ի վերջո կարևորը մարդկանց առողջությունն է»։
Ի դեպ կոմբինատում ևս արտադրվում է արդյունաբերական աղ, որն, ըստ տնօրենի ավելի էժան է, քան ներկրվածը։ Այն վաճառվում է պարկերով, որոնց վրա գրված է՝ «Չօգտագործել սնունդի մեջ»։ «Եթե ասում են, որ տեխնիկական աղի պահանջարկ կա, ապա մեր աղը երեք անգամ ավելի էժան է, քան ներկրվածը, ինչո՞ւ մերը չեն գնում։ Պարզ չէ՞, որ ներկրվածը սնունդի համար է օգտագործվում։ Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները»,- ասում է Արեգ Ղուկասյանը։
Գլխավոր տնօրենը նաև հայտնում է, որ իրենց արտադրանքի պահանջարկի անկման պատճառով նվազել է կոմբինատի աշխատողների աշխատավարձը։ Ավելին, այսօր աշխատավարձի վճարման խնդիր ունեն։ Ընդհանուր առմամբ, 2018 թ-ից աղի արտադրությունը, ըստ տնօրենի, նվազել է 40-50%-ով։ Այն հիմնականում իրացվում է Հայաստանում, փոքր քանակությամբ արտահանվում է Ռուսաստան և Վրաստան։
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 7 328 տոննա աղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 39.3%-ով:
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում արգելված է չոդացված սննդի աղի վաճառքը: Ավանի աղի կոմբինատն արտադրում է միայն յոդացված կերակրի աղ, որը ամբողջությամբ կբավարարեր Հայաստանի պահանջարկը:
Նյութը հրապարկվելուց հետո Panorama.am-ը խնդրել է ՍԱՏՄ մեկնաբանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կերակրի աղի արտադրությունը 3 ամսում կրճատվել է 27%-ով
- Աղի արտադրությունը նվազել է, շաքարավազինը՝ աճել
- Հայաստանի բնակչությանը խաբում են տեխնիկական աղով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան