Փաշինյան. Մենք ունենք մեկ միջանցք
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հատված։
Հարց - «Ալ Ջազիրա» - Թույլ տվեք սկսել Ադրբեջանի հետ ստորագրած համաձայնագրից, որի պատճառով ուժեղ ճնշումների եք ենթարկվել, և ցուցարարները նույնիսկ հասան Ձեր տուն։ Ինչպե՞ս եք գնահատում այս պայմանագիրը հիմա։
Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ նկատի ունեք այն եռակողմ հայտարարությունը, որ ստորագրվել է իմ, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից։ Այդ հայտարարությամբ ուժի մեջ մտավ հրադադարը և վերջ տրվեց ամեն տեսակի ռազմական գործողություններին, և կարծում եմ այդ ժամանակ դա Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերջ դնելուն միտված քայլ էր: Պետք է նշեմ, որ այդ հայտարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, բայց հարկավոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ժամանակներում կկարողանանք անդրադառնալ ԼՂ խնդրին:
Հարց - «Ալ Ջզիրա» - Ընդհատելով Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը, ցանկանում եմ նկատել` կոնկրետ այս հարցը ենթադրում է, որ երկու երկրների միջև կա Սահմանազատման հանձնաժողով, որը կքննի այդ հարցը։ Ի՞նչն է մինչ այժմ խանգարում նրա աշխատանքին։
Նիկոլ Փաշինյան - Իրականում մենք Ադրբեջանի հետ բազմաթիվ հարթություններում հաղորդակցություն ունենք, և Դուք իրավացի եք, վերջերս մենք կազմել ենք Սահմանազատման հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև, և շատ կարևոր է այդ աշխատանքը շարունակելը։ Ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել, բայց արդեն համաձայնություն ունենք, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, իսկ երրորդ հանդիպումը` Բրյուսելում: Հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, և իհարկե երկկողմ աշխատանքի շնորհիվ, մեզ կհաջողվի դելիմիտացիայի ենթարկել մեր սահմանները։
Հարց - «Ալ Ջազիրա» - Իսկ եթե այս հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։
Նիկոլ Փաշինյան - Իրականում Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով։
Երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է։
Հարց - «Ալ Ջազիրա» - Կրկին ընդհատելով Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսակցությունը. հենց դա է զայրացնում ընդդիմությանը։ Ռուսաստանը, որը հովանավորն է այս համաձայնագրի կամ, ինչպես ասացիք, հայտարարության, համարվում է Հայաստանի դեմ դավադրության մեջ ներգրավված, և ավելի շատ աջակցում է Ադրբեջանին։
Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, բայց Ռուսաստանը շատ մտերիմ պետություն է նաև Ադրբեջանի համար։ Եվ այս պարագայում մենք տեսնում ենք Ռուսատսնի դերը որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, որը, ինչպես նշեցի, ստորագրվել է երեք կողմերի միջև։
Հարց - «Ալ Ջազիրա» - Ընդհատելով խոսակցությունը, եթե ձեր գործընկերների հետ հարաբերությունները նորմալ են, ապա ի՞նչ կասեք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների նոր էջ բացելու մասին. ո՞րն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը։
Նիկոլ Փաշինյան - Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ։
Հարց - «Ալ Ջազիրա» - Ընդհատելով խոսակցությունը, խոսո՞ւմ եք արդյոք Թուրքիայի հետ փոխադարձ այցերի մասին:
Նիկոլ Փաշինյան - Չեմ կարող ասել, որ մենք դեռ ոչ մի արդյունք չենք գրանցել, որովհետև երկխոսության սկզբից հետո մենք Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ ենք սկսել, բայց սա մի բան է, որ մենք ունեինք նաև նախկինում։ Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է։
Հարց - «Ալ Ջազիրա» - Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով Ձեր երկրի տարածքի միջով։
Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։
Հարց - «Ալ Ջազիրա» - Դուք դրական եք արտահայտվում, մինչդեռ Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ ընդհանուր առմամբ վատ են, բացառությամբ Իրանի: Ոմանք իրականում զարմացած են, որ Իրանը, լինելով Իսլամական Հանրապետություն, կանգնեց ձեր կողքին Ադրբեջանի դեմ: Ինչպե՞ս եք բացատրում այս կեցվածքը:
Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք չորս հարևաններ և նրանցից երկուսի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, նկատի ունեմ Վրաստանին ու Իրանին։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և մենք չունենք այնպիսի մտադրություն, որ չունենանք լավ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք ունեն լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Բայց հիմա մենք Իրանի հետ շատ սերտ կապեր ունենք, և իմիջիայլոց, հույս ունենք, որ Իրանի հետ համագործակցությամբ ի վիճակի կլինենք ընդլայնել մեր երկկողմ հարաբերությունները նաև Քաթարի հետ։ Մենք այժմ աշխատում ենք Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները զարգացնելու ուղղությամբ, և այժմ շատ ռազմավարական մի մայրուղու կառուցման փուլում ենք, որը կոչվում է Հյուսիս-հարավ և կապում է Վրաստանի հետ մեր սահմանն Իրանի հետ սահմանին։ Մենք հույս ունենք, որ այդ ծրագրի արդյունքում մեր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ կզարգանան։ Եվ իմիջիայլոց, Եվրասիական տնտեսական միությունը, ես արդեն ասացի, որ Հայաստանը դրա անդամն է, Իրանի հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, որը շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան