Ղազախստանը ԱՀԿ-ին կոչ է արել հնարավորինս արագ լուծել պարենային ճգնաժամը
Ղազախստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել համաշխարհային պարենային ճգնաժամը հաղթահարելու համար։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ղազախստանի Առևտրի և ինտեգրման նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ պարենային անվտանգության թեման քննարկվել է օրերս Ժնևում ընթացող ԱՀԿ 12-րդ նախարարական համաժողովում, որը վարում էր Ղազախստանը։
Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը հայտնել է, որ աշխարհի բոլոր երկրները բախվել են պարենի գների սրընթաց աճին, իսկ առևտրի սահմանափակումները հանգեցնում են պարենամթերքի պակաս ունեցող տարածաշրջանների իրավիճակի հետագա սրմանը։
«ԱՀԿ-ի բոլոր երկրներին կոչ եմ անում հետևել Ղազախստանի օրինակին և այդ խորհրդաժողովից վերադառնալ իրենց երկրներ շոշափելի արդյունքներով, որոնք թույլ կտան լուծել համաշխարհային պարենային ճգնաժամը»,-հայտարարել է Սուլթանովն իր ելույթի ընթացքում:
Կիրակի օրը Առևտրի համաշխարհային կազմակերպության տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվելան ասաց, որ արտահանման սահմանափակումները բարձրացնում են պարենի գները և կարող են սրել պարենային գլոբալ ճգնաժամը: