Թթենին մեքենայի վրա ընկել էր քաղաքապետարանի անգործության հետևանքով. Քաղաքապետարանը կփոխհատուցի 1.2 մլն դրամ
Ավարտվեց Երևանի քաղաքապետարանի դեմ փոխհատուցման պահանջի վերաբերյալ մի քանի տարի տևած դատական գործընթացը, որը բարձրաձայնվել և ընթացք էր տրվել «Վարորդի ընկեր» ԻՀԿ֊ի կողմից։
Կազմակերպությունից հիշեցնում են, որ 2018թ֊ի ապրիլի 8֊ի գիշերը թթի ծառն ընկել էր Վահե Քոչարյանին պատկանող ավտոմեքենայի վրա` վնասելով այն։ Երևանի քաղաքապետարանը հրաժարվել էր փոխհատուցում տրամադրել, որից հետո Վահե Քոչարյանի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը դիմել էր դատարան։
Մի քանի տարի տևած դատական գործընթացների արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանի վճռով քաղաքացուն կփոխհատուցվի 1.200.000 ՀՀ դրամ և դատական այլ ծախսեր։ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել էր նաև Վճռաբեկում, սակայն Վճռաբեկն անփոփոխ է թողել որոշումը։
Դատալեքսից տեղեկանում ենք, որ 2018-ի ապրի․ի 8-ի երեկոյան սեփականության իրավունքով հայցվորին պատկանող MERCEDES BENZ C240 մակնիշի 23SS130 պետհամարանիշի ավտոմեքենան կայանված է եղել Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան 7 հասցեի բակում։ Գիշերը՝ ժամը 3-4-ի սահմաններում բակի ծառերից մեկը տապալվել և ընկել է հայցվորի մեքենայի վրա՝ վնասելով մեքենայի տանիքը, հետևի տեսանելիության հայելին, շարժիչի ծածկոցը և այլն։
Համաձայն «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ կողմից 2018 թվականի հունիսի 6-ին տրված թիվ 18-0004-EFI-AG եզրակացության, հայցվորի մեքենային պատճառված վնասի չափը կազմում է 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
11.09.2018թ. Հայցվորը ճանաչման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ «Ծառահատումների և ծառերի խնամքի հետ կապված պատասխանողի անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին»։
Վարչական դատարանը 10.04.2019թ. վճռով հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել Երևան քաղաքի Նալբանդյան 7 հասցեի բակում գտնվող ծառը չհատելու Երևանի քաղաքապետարանի անգործությունը։
Վճիռը Պատասխանողի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ վարչական դատարան, որի 09.10.2019թ. որոշմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 10.04.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որի 09.01.2020թ. որոշմամբ մերժվել է Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
Այսինքն, Վարչական դատարանի 10.04.2019թ. վճիռը, որով Երևան քաղաքի Նալբանդյան 7 հասցեի բակում գտնվող ծառը չհատելու Երևանի քաղաքապետարանի անգործությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, օրինական ուժ է ստացել ՀՀ վճռաբեկ դատարանի 09.01.2020թ. որոշմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է