ԿԲ. Մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%
Հունիսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 8.4%:
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա:
Համաշխարհային արժեշղթաների պահպանվող խաթարումները և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների շարունակական աճը հանգեցնում են համաշխարհային գնաճային միջավայրի ընդլայնմանը: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը նախանշում են դրամավարկային քաղաքականության՝ համեմատաբար ավելի արագ տեմպերով խստացման մասին: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է:
2022թ-ի երկրորդ եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են ծառայությունների ճյուղի և ամբողջական պահանջարկի ավելացմանը: Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և գնաճային սպասումների աճին: ՀՀ ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է նաև արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ:
Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը դեռևս պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2022թ. հունիսի 28-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2022թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան