ԿԳՄՍՆ-ն առաջարկում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, նկարչի և վաստակավոր արտիստի, նկարչի կոչումները
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից այսօր Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ է դրվել քննարկման։ Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից՝ ստեղծագործական-մշակութային հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ:
Նախագծով առաջարկվում է՝ չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիչ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտ ամբողջապես։
«Փոփոխությունների արդյունքում կարևոր երաշխիքներ են ստեղծվում մշակույթի և արվեստի ոլորտում ստեղծագործողների հավասար պայմաններում ինքնադրսևորվելու ու ստեղծագործելու, իրենց արվեստը հանրությանը ներկայացնելու համար, դրանով իսկ ապահովվում է սահմանադրական իրավունքը։
Հարկ է նշել, որ սույն պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձևավորման չափանիշները»,- նշված է նախագծում։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը նախագծում հետևյալ կերպ է բացատրված.
«Նշյալ պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ մասնավորապես․
• Որևէ արվեստագետի / մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:
• Պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը: Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:
• Փորձը ցույց է տալիս, պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ` նեղ միջանձնային հարթությունում:
• Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են:
• «Արվեստի վաստակավոր գործիչ» և «մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ»։
Նախագծում նշված է նաև, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգևավճար: