Կոշի խաչքարը՝ ԿԳՄՍ «գոդոյին» սպասելիս
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն օրերս լուսանկարներ էր հրապարակել ու ահազանգել՝ 1195 թ․ սելջուկ-թուրքերի դեմ հայ-վրացական ուժերի տարած հաղթանակի առիթով կանգնեցված Կոշի խաչքարը հայտնվել է էլեկտրալարերի բետոնե հենասյուների շրջափակման մեջ։ Ի դեպ, նա նշել է նաև, որ սա Կոշի խաչքարը պղծելու կապակցությամբ իր երկրորդ ահազանգն է։
«Լուսանկարներում 1195 թ․ սելջուկ-թուրքերի դեմ հայ-վրացական ուժերի տարած հաղթանակի առիթով կանգնեցված Կոշի խաչքարն է։ Սա եզակի խաչքարերից մեկն է, որը կանգնեցվել է հաղթանակի առիթով։
Այս պատմական հաղթանակից շուրջ 830 տարի անց, հենց մեր օրերում, այս եզակի հուշարձանը հայտնվել է էլեկտրալարերի բետոնե հենասյուների շրջափակման մեջ, որոնք տեղադրվել են հուշարձանի անմիջական հարևանությամբ։ Այո, հայկական անուն ազգանուն կրող մեկը նախագծել ու որոշել է, որ հենց այս կերպ պետք է պղծվի պատմական այս եզակի հուշարձան-կոթողը»,- գրել է Հայկ Դեմոյանը։
Խնդրի մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղյակ է։ Նախարարության հուշարձանների պահպանության վարչության տարածքային գործունեության համակարգման բաժնի պետ Կարեն Բայրամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս մայիսին դիմել են Աշտարակի քաղաքապետարան, համայնքի ղեկավարին, որպեսզի ներկայացնեն, թե ինչ իրավական հիմքերով են նման գործունեություն ծավալել հուշարձանակիր տարածքում։ Դեռևս պատասխան չկա։ Նախարարությունը երկրորդ նամակն է պատրաստում ոչ միայն քաղաքապետարանին, այս անգամ նաև մարզպետարանին, որից հետո նախարարությունը համապատասխան հետևություններ կանի ու կապահովի ընթացքը՝ խնդիրը լուծելու համար։
«Հարիր չէ հուշարձանակիր տարածքում ինքնակամ նման էլեկտրասյուներ անցկացնելը, որը նաև խաթարում է հուշարձանակիր միջավայրը, հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալումը։ Հոսանքի լարերն այնպիսի վտանգավոր հեռավորության վրա են անցնում, եթե ժամանակի ընթացքում սկսեն ֆիզիկապես որոշակի մաշվածություն դրսևորեն, զբոսաշրջիկների, նաև հնագետների համար, որոնք հուշարձանակիր տարածք պետք է մտնեն և ուսումնասիրություն կատարեն, նրանց կյանքի համար կարող է վտանգավոր լինել, իսկ եթե մի քիչ անձրևային եղանակ եղավ, առավել ևս»,- ասաց Կարեն Բայրամյանը։
Նրա խոսքով, երբ համայնքը կամ համայնքի գիտությամբ նման ծրագիր էր իրականացվում, պետք է անպատճառ համաձանեցվեր լիազոր մարմնի՝ նախարարության հետ։
«Այդ հատվածում ոչ միայն խաչքարն է, նաև հուշարձան-ամրոց կա։ Այսինքն այդ ամենը մեկ ամբողջական պատմական միջավայր է կազմում»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ նախարարությունը հետևողական է լինելու, հետամուտ է լինելու օրենքի տառին համապատասխան հասնելու խնդրի լուծմանը, ընդհուպ մինչև իրավապահներին դիմել ու համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում՝ ապամոնտաժել։
Կոշ գյուղի հատվածում գտնվող խաչքարն ունի մոտ 7 մետր բարձրություն։ Խաչքարը կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանա Տեր Պետրոս Ականատեսի կողմից և նվիրված է Արագածոտնն ու հարակից շրջանները թուրք-սելջուկներից ազատագրելուն: Ըստ վարդապետի տեսիլքի, երկնքից երկու հրեշտակ են իջնում ու Հայաստանն ազատագրում են սելջուկների 140-ամյա տիրապետությունից։ Խաչքարի պատվանդանին կա 10 տող արձանագրություն, ըստ որի, Պետրոս վարդապետը Արագածոտնի ազատարարներին տեսել էր 1175 թվականի տեսիլքում:
Այդ տեսիլքից ուղիղ 20 տարի անց Զաքարե և Իվանե հայ իշխանները հայ-վրացական զորքերով ազատագրում են Հայաստանը և հենց այդ ժամանակ էլ դրվում է խաչքարը:
Լուսանկարները՝ Հայկ Դեմոյանի էջից
Լուսանկարը հնագետ Համլետ Պետրոսյանն է տեղադրել Հայկ Դեմոյանի գրառման տակ՝ նշելով 2005 թվական։