Հունաստանի իշխանությունները բաց են թողել կալանավորված իրանական լցանավը
Հունաստանի իշխանություններն ազատ են արձակել ապրիլին կալանավորված իրանական նավթով բեռնված «Լանա» (նախկին «Պեգասուս») լցանավը: Այդ մասին «ՌԱԻ նովոստի»-ն մեջբերում է արել «Կաթիմերինի» թերթից, որն էլ իր հերթին վկայակոչել էր իրանական Mehr կիսապաշտոնական լրատվական գործակալությանը։
Վկայակոչելով Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության աղբյուրներին՝ իրանական գործակալությունը հայտնել է, որ լցանավով տեղափոխվող նավթային բեռը կվերադարձվի սեփականատիրոջը՝ Gostar Samirom Services Construction & Executive Company-ին։
Հաղորդվում է, որ լցանավն ազատ է հունիսի 10-ից, սակայն ուշանում է՝ պարտատերերի հետ չմարված խնդիրների կարգավորման պատճառով։
Այս պահին, Marine Traffic կայքի տվյալներով, նավը դեռևս խարսխված է Էվբեա կղզու Կարիստոս նավահանգստում։
«Այս զարգացումը Խալկիսի Վերաքննիչ դատարանի՝ տանկերի բեռների կալանքը վերացնելու վերջին որոշման տրամաբանական շարունակությունն է: Այն ճանապարհ է հարթում նավթի վերադարձի համար, որն իրանական նավից փոխանցվել է ԱՄՆ-ի վարձակալած Ice Energy տանկերին»,-նշում է թերթը։ .
«Լանա» (նախկին «Պեգասուս») տանկերը, որը նախկինում նավարկում էր Ռուսաստանի դրոշի ներքո, իսկ հետո փոխել էր անունը և սեփականատիրոջը, ապրիլի կեսերից կալանավորվել էր Եվբեայի Կարիստոս նավահանգստում, որտեղ ստիպված էր կանգ առնել վթարային և եղանակային բարդ պայմանների պատճառով: ԱՄՆ-ը պնդում էր, որ նավթի հասույթը կօգտագործվի ահաբեկչության ֆինանսավորման համար։ Տանկերում եղել է 107 հազար տոննա իրանական նավթ։
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ իրանական նավթն առգրավվել է հօգուտ ԱՄՆ-ի, նավթի մի մասը վերբեռնվել էր հունական տանկերի վրա՝ Ամերիկա առաքելու համար։
Հունաստանի իշխանությունները պնդում են, որ լցանավից իրանական նավթը օրինական կերպով առգրավվել է Աթենքի «անկախ հունական դատարանի» կողմից, և Իրանը չի բողոքարկել վճիռը։
Ի պատասխան տանկերի ձերբակալման և նրանում եղած նավթի առգրավման՝ Իրանը Պարսից ծոցում առգրավել է հունական երկու տանկեր։ Իրանցի պաշտոնյան ասել է, որ իրանական նավի բեռների առգրավումը «միջազգային ծովահենության վառ օրինակ է, որի համար պատասխանատու են Աթենքը և նրանք, ովքեր ապօրինի զավթել են նավը: Թեհրանը պահանջել էր ազատ արձակել նավը, որը գրավվել էր Վաշինգտոնի ճնշման ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը երկու հունական տանկեր է առգրավել
- Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Mercer Street տանկերի վրա հարձակման վերաբերյալ G7-ի հայտարարությունը