Հրազդանի կիրճ 77-ից Լֆիկը զավթեց նախկինների օրոք, Փաշինյանի օրոք օրինականցրեց
Վճռաբեկ դատարանը չի բավարարել քաղաքապետարանի բողոքն ու որոշել է ուժի մեջ թողնել վերաքննիչ դատարանի որոշումը, որի համաձայն օրինականացվում են Սամվել Ալեքսանյանի ընտանիքի կողմից Հրազդանի կիրճում կառուցված ինքնակամ ու ապօրինի կառույցները։
Գործի դատավարական նախապատմությունը հետևյալն է.
Հայտնի գործարար Սամվել Ալքեսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, դիմելով դատարան, պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետին ընդունել ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով Երևան քաղաքի Հրազդանի կիրճ թիվ 77 հասցեին կից իր կողմից ինքնակամ կառուցված շենքերը և շինություններն օրինական ճանաչելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ:
Նշենք, որ խոսքը Փարվանա ռեստորանի ու դրան կից կառույցների մասին է, և այն Հրազդան կիրճի, որին գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մտադիր է հատուկ կարգավիճակ տալ։
Վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 17.05.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.12.2021 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.05.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը։
Վճռաբեկ դատարանը որոշել է.
« Թիվ ՎԴ/10288/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.12.2021 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ հողատարածքը, որտեղ կառուցված են ինքնակամ շինությունները, դատարանի պարտադրանքով են վաճառվել գործարարի կնոջը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարան. Հրազդանի կիրճին կտրվի նոր կարգավիճակ
- Սամվել Ալեքսանյանի՝ ինքնակամ կառուցած տան ճակատագիրը
- Հրազդանի կիրճում վատ վիճակ է. Հրաչյա Սարգսյան
- Մե քեֆ, մե սալյուտ. իշխանական էլիտան «Փարվանա»-ում էր
- Մալաթիա-Սեբաստիայի շրջանավարտները հրավիրված են «Փարվանա»