Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական անձնակազմը 450մլ արյուն է հանձնել
Մեզանից յուրաքանչյուրը կարող է փրկել հազարավոր կյանքեր, պարզապես հարկավոր է հատկացնել մինչև 10 րոպե և դառնալ արյան դոնոր:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնից նշում են, որ մեր երկրում առկա են բավարար քանակության արյան պաշարներ, սակայն դեռևս քիչ են անհատույց դոնորներից հավաքագրված արյան քանակները, ուստի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ցանկանում է հնարավորինս ավելացնել անհատույց կամավոր դոնորների թիվը: Այս մոտեցումը ընդունված է բոլոր զարգացած երկրներում և երաշխավորվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
2005 թվականին Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է Արյան դոնորի համաշխարհային օր:
Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ և հետևելով օրվա խորհրդին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական անձնակազմը վաղ առավոտից արյուն է հանձնում:
Ըստ աղբյուրի, կարևոր առաքելության մասնակիցները, հանձնելով շուրջ 450մլ արյուն, ինտեգրվեցին կամավոր սկզբունքով արյուն հանձնելու մշակույթի մեջ` հույսով ու հավատով, որ հանձնված արյունը կծառայի իր նպատակին և կօգնի փրկել կյանքի համար կռիվ տվող բազմաթիվ հիվանդների:
Այս ակցիայի շրջանակում հավաքագրված արյունն անվճար կտրամադրվի կարիքավոր հիվանդներին:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է արյունաբանական կետ, որտեղ կարող եք դառնալ դոնոր, հանձնել արյուն և փրկել կյանք:
Արյունաբանական կետը դոնորներին ընդունում է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 12:00: Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. +37410205050, +37494965858, +37443885590
Հասցե․ ք․ Երևան, Ֆանարջյան 76
«Սեփական արյունը նվիրաբերելը դրա կարիքն ունեցողներին անշահախնդիր կամավորության դրսևորում է, որը պետք է լինի շարունակական»,-նշում են կենտրոնից։