Աթանեսյան. Դատարան դիմելու բուն առիթը սորոսական մի երիտասարդի հակազգային գործունեությունն է
«Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային կազմակերպության հայաստան մասնաճյուղը լուծարել»,-լրագրողների հետ հանդիպմանն օրեր առաջ դատարան ներկայացրած հայցադիմումի պահանջը հրապարակեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա ընդգծեց, անհայտ ծագման գումարներով ֆինանսավորվող մի կազմակերպություն շուրջ 25 տարի մեր երկրում գործունեություն է ծավալում տարբեր ամպագոռգոռ նպատակների համար, որոնք իրական ծրագրերի հետ որևէ կապ չունեն։
«Մեր համոզմամբ, Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունն ու հասցնել այն ազգային աղետին, որն արդեն ապրում ենք, շարունակել այն ու հասցնել մեզ համար սարսափելի ավարտի»,-ասաց փաստաբանը։
Նա մանրամասնեց, քանի որ Հայաստանում գործող հիմնադրամը գրանցված է օֆշորային գոտում, ուստի հնարավոր չէ պարզել, թե որտեղից են ստացվում դրա ֆինանսավորմանն ուղղված գումարները։
«Դատելով այդ ցանցի գործունեության արդյունքներից՝ մենք իրավունք ունենք հիմնավոր կերպով կասկածել, որ այս գումարների ծագումնաբանությունը միանշանակ թշնամական ճամբարից է, այն կարող է լինել և թուրքական, և ադրբեջանական։ Պատկերացրեք, իրավապաշտպանների մի ոհմակ տարիներ շարունակ գոռում էին, գոչում էին, պահանջում էին թափանցիկություն, օֆշորային շոուներ էին կազմակերպում, մի չնչին առիթով մեկը պառկում էր գետնին, մյուսն իրեն ճղում էր, մեկ էլ փոխվում է իշխանություն, և վերանում է այդ ցանցը, ոչ մի քաղհասարակություն չունեինք, իրավապաշտպան չունեինք։ Իմ խորին համոզմամբ, դրանք մարդիկ էին, որ ամեն ինչ արեցին, որպեսզի մենք կորցնենք Արցախը, զոհվեն մեր հինգ հազար հայորդիները։ Նրանց ազգակործան գործունեությունը շարունակվում է»,-ասաց բանախոսը։
Փաստաբանի խոսքով, դատարան դիմելու բուն առիթը սորոսական մի երիտասարդի հակազգային գործունեությունն է, որը ցանկացել է թշնամանք սերմանել եղբայրական հայ և եզդի ժողովուրդների միջև։ Աթանեսյանն ասաց, այդ երիտասարդը 2018-ին ունեցել է շատ դրական կարծիք Հայաստանում ապրող ազգային փոքրմասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ։
«Անգամ նա խնդրում էր նոր իշխանություններին, որ նրանք շարունակեն վարել Սերժ Սարգսյանի քաղաքականությունն այս հարցով։ Անցնում է մի քանի ամիս, հիմնում է ինչ-որ ՀԿ, հիմնադիր համագումարում հանդես է գալիս ամբողջությամբ հակառակ դիրքերից, քննադատում է եզդի ժողովրդի նկատմամբ վարվող քաղաքականությունը, իսկ որոշ ժամանակ անց, ստանալով Սորոսի օֆշորային գրասենյակից կլորիկ գումար, տալիս է հարցազրույց Հյուսիսային Իրաքում գործող ամենախոշոր եզդիական լրատվամիջոցին ու տարածում է սարսափելի բաներ, խայտառակ ստեր Հայաստանում ապրող եզդիների վիճակի մասին, որ առաջին հերթին վրդովմունք է առաջանում հենց մեր եղբայր եզդիների շրջանում։ Օրինակ, նա ասում է, որ Հայաստանում 1988-2006 թվականներին եղել է շովինիստական շարժում, որ եզդիներին սպանել են, ունեզրկել են, թալանել են, եզդի լինելու հետևանքով տեղահանել են, դրա համար եզդիները փախել են Հայաստանից։ Ասել է՝ Հայաստանում արգելում են եզդիերեն խոսել, հիշենք, միակ երկիրն ենք, որտեղ եզդիերեն դասեր կան։ Մի խոսքով, կատարյալ ստեր է տարածել, որոնք Հյուսիսային Իրաքում ապրող եզդիների մոտ հակակրանք էին առաջացնելու Հայաստանի նկատմամբ, և այդ հակակրանքը մի օր հայտնվելու էր Հայաստանում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղետի մենք կհանդիպեինք, եթե բախումներ լինեին երկու եղբայր ազգերի միջև»,-ասաց բանախոսը։
Աթանեսյանը պարզել է, որ այս երիտասարդի ՀԿ-ն երկու անգամ դրամաշնորհ է ստացել՝ եզդի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու համար։
«Լավ բան է, չէ՞։ Բայց նրանք երբեք լավ բան չեն անում։ Սրանք փորձում են այս երիտասարդին դարձնել մեր անապահով եզդի համաքաղաքացիների առաջնորդ։ Փող են տալիս, կախման մեջ են մարդկանց գցում։ Այդպիսի կերպար էին աճեցնում, ինչը բարեբախտաբար շուտ իմացանք, դիմեցինք ԱԱԾ։ Քրեական գործ հարուցվեց, մեղադրանք առաջդրվեց, հիմա դատավարությունն է»,-նշեց նա։
Փաստաբանն ուշադրություն հրավիրեց, որ եզդի երիտասարդին ֆինանսավորող օֆշորային հիմնադրամը նրան կալանավորելուց հետո սկսել է հայտարարել, թե «իրավապաշտպանն» ապօրինի հետապնդվում է, հետո այդ երիտասարդը ցուցմունք է տալիս, քննիչին ասում է՝ ինքը հարցազրույցում սուտ է ասել, բայց դա իր իրավապաշտպան գործունեության մասն է։
«Պատկերացնո՞ւմ եք, իսկ եթե բախումներ լինեին, զոհեր լինեին։ Խոսքը Սաշիկ Սուլթանյանի մասին է։ Սակայն ինքը մի փոքր հետևանքն է այն քաղցկեղի, որը օֆշորային գրասենյակի տեսքով հայտնվել է մեր երկրում։ Սորոսական գործակալներից յոթ հոգի հիմա ամբաստանյալի աթոռին են։ Չմոռանանք «Ռեսթարթ» խուլիգանական խումբը, որ հարձակում գործեց Նարեկ Մալյանի վրա իր տան շքամուտքի մոտ։ Ավելի հայատյաց, ավելի ուրիշի կարծիքը չհանդուրժող, իմ համոզմամբ, հանցավոր ցանց դժվար է պատկերացնել»,-նշեց նա։
Աթանեսյանի խոսքով, ցանցն ունի թույլ տեղեր, այնտեղ հավաքվել են ոչ թե գաղափարի, այլ փողի շուրջ։
«Սրա դեմն առնելու ենք։ Ամեն ինչ անելու ենք։ Այս հայցադիմումը ներկայացնելիս չենք կարող պարտվել, անկախ այն բանից, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, այդ որոշումը կունենա իր հետևանքը։ Կարող են հայցադիմումը վարույթ չընդունել, ինչը նշանակում է, որ Սորոսի գործակալական ցանցն է իշխում այս երկրում։ Կարող են ընդունել, հայցի ապահովման միջոց չկիրառել, ինչը նույն բանն է նշանակում։ Կա նաև մյուս տարբերակը, երբ մեր պահանջները կբավարարվեն, ինչը կնշանակի, որ պետությունը կիսով չափ կյանքի նշաններ է ցույց տալիս»,-մանրամասնեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Աթանեսյան. Հայցադիմում ենք ներկայացրել դատարանին՝ Հայաստանում Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով
- Տիգրան Աթանեսյան. Ես և իմ մի քանի փաստաբան գործընկերները որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում դադարեցնելու պահանջով
- ԵԽ հանձնակատարը գլխավոր դատախազությունից պարզաբանում է պահանջում Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ
- Եզդիական համայնք. Դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա