Կայացավ «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդեսը
Հունիսի 14-ին, «Երևան, իմ սեր» հիմնադրամի շենքում անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի աջակցությամբ իրականացված «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր կոմպոզիտորի տուն-թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Տուն-Թանգարանից հիշեցնում են, որ 2021 թ. լրացավ կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը, որն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:
Պատկերագիրքը դարձավ հոբելյանական նախագծերի գագաթնակետը: Նախապատրաստական աշխատանքները տևել են երկու տարի՝ 2019-2021 թթ. (ծրագրի ղեկավար և գլխավոր կազմող-խմբագիր՝ Մարինե Օթարյան, կազմողներ՝ Աստղիկ Հարությունյան, Հասմիկ Համբարյան, գլխավոր խմբագիր՝ Հասմիկ Գուլակյան, թարգմանիչ՝ Գոհար Մելիքյան): Գրքում տեղ են գտել Հայաստանի և արտերկրի շուրջ 22 թանգարաններից ու արխիվներից հավաքագրված 972 նյութեր, որոնց նշանակալի մասը հանրայնացվել է առաջին անգամ:
Պատկերագրքում զետեղված ձայնասկավառակի ձայնագրությունն իրականացրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ տնօրեն Սարգիս Բալբաբյանի ղեկավարությամբ: Ձայնասկավառակում տեղ են գտել կոմպոզիտորի 10 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ (ՀՊՍՆ, դիրիժոր՝ Վահագն Պապյան, Կարեն Շահգալդյան (ջութակ), Սևակ Ավանեսյան (թավջութակ), Արմինե Գրիգորյան և Մարիաննա Շիրինյան (դաշնամուր)): Ստեղծագործությունները նորագույն տեխնոլոգիաներով ձայնագրելը Սպենդիարյանի տուն-թանգարանի և ՀՊՍՆ մտահղացումն է՝ 21-րդ դարի երաժշտասերներին նորովի մեկնաբանմամբ հասանելի դարձնելու նպատակով: Ձայնագրությունները հնարավոր է ունկնդրել նաև գիրք-ալբոմում զետեղված QR կոդերի միջոցով:
Պատկերագիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում:
Իր տեսակով բացառիկ այս նախագիծը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ինչը հնարավորություն կտա հանրահռչակելու հայ մեծ դասականի կյանքի և ստեղծագործական ուղին նաև միջազգային ասպարեզում:
Շնորհանդեսին ներկա էին պետական այրեր, մշակույթի գործիչներ, մտավորականներ:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Այն, ինչ արել է Սպենդիարյանը մեր հանրությանը մշակութայնացնելու, համաեվրոպական արժեքային համակարգի վրա դնելու առումով, ուղղակի արժանի է հիացումի, խոնարհման՝ իմ պատկերացմամբ հայ մտավորականի ամենաբարձր չափանիշներն ապահովող մի գործիչ: Կարծում եմ, գրքի հրատարակումը հոբելյանական միջոցառումների ամենաճիշտ ընտրված գագաթնակետն է, որի կապակցությամբ շնորհավորում եմ թանգարանին և երաժշտասեր հանրությանը», հավելեց պարոն Խզմալյանը:
Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Նունե Զաստուխովան ողջունեց ժողովածուի հրատարակումն ու ձայնասկավառակի թողարկումր:
Գրքի առանձահատկությունները ներկայացրեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը:
Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հովանավորներին և գործընկերներին նախագծի և շնորհանդեսի կյանքի կոչման համար: «Ես այս ծրագիրը համարում եմ կոմպոզիտորի հոբելյանական նախագծերի ամենաարժեքավոր ձեռքբերումը, կուլմինացիան, բայց ոչ ավարտը: Կարծում եմ, որ այս պատկերագիրքը նոր էջեր է բացում սպենդիարյանագիտության մեջ, և մենք արդյունքները կճաշակենք շատ ավելի հետո: Սպենդիարյանը բոլորիս համախմբել է այստեղ, և շնորհակալ ենք նրան, որ մեզ պատիվ է տվել լինել իր աշխարհում», իր խոսքը եզրափակեց տիկին Օթարյանը:
Ցուցադրվեց նախագծի նախապատրաստական աշխատանքների մասին պատմող տեսաշար:
Երեկոյի համերգային բաժնում հնչեցին Սպենդիարյանի կամերային ստեղծագործություններից Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Արտյոմ Իոանիսյան (թավջութակ):
Շենքի պատշգամբում հյուրերը ծանոթացան «Մեկ ցուցանմուշի պատմության»՝ կոմպոզիտորի տուն-թանգարանից միայն մեկ օրով այստեղ հանգրվանած Արարատյան թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտին: Հայերեն, ռուսերեն և անգլերեն աուդիո ուղեցույցով այս ցուցանմուշը պատմում է, թե ինչպես կոմպոզիտորին այս շենքում հատկացվեց աշխատասենյակ, որտեղ նա գրեց իր հայաստանյան առաջին և միակ ստեղծագործությունը՝ «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ սյուիտը: Ի դեպ, շնորհանդեսի վայրը նույնպես պատահական չէր ընտրված. այն շատ մոտ էր հենց Առաջնորդարանի շենքին, որտեղ կոմպոզիտորը ոգեշնչվել էր պատշգամբից բացվող տեսարանով: