«Ժողովուրդ». Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է աշխատում Սիմիդյանի ու Նիկողոսյանի մոտ. Ֆեդերացիայում անառողջ մթնոլորտ է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգերի Լիգայի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը դարձյալ խայտառակ պարտություն կրեց, այս անգամ 1։4 հաշվով զիջեցինք Շոտլանդացիներին: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ֆեդերացիայում ոչ առողջ մթնոլորտ է, մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ այդ կառույցը մութ գործերով է տարված, իսկ ՀՀ Կառավարության կողմից փաստացի համակարգող է «նշանակված» ֆուտբոլի հետ կապ չունեցող, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Խոսվում է, որ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է աշխատում Սիմիդյան Հակոբի ու Արմեն Նիկողոսյանի մոտ: Մամուլը, այդ թվում` Ժողովուրդ օրաթերթը բազմիցս գրել է, որ անգամ Ֆուտբոլի ակադեմիայում գործող շոգեբաղնիքը չի ծառայում ֆուտբոլիստներին, այլ այնտեղ գնում են նորելուկ պաշտոնյաներ։
Վերջերս նկատվում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունն ավելի շատ զբաղված է միջոցառումներ կազմակերպելով, Ֆեդերացիայի կազմավորման 30 ամյակի առիթով շատ հյուրեր են կանչել, դե պարզ է, որ հսկայական գումարներ են ծախսվելու, որոնք անվերահսկելի են, բայցև չեն ծառայում ֆուտբոլի զարգացմանը:
Մենք հավաքագրում ենք նորանոր տվյալներ ֆեդերացիայի նախագահի, նրա տեղակալի ու Հակոբ Սիմիդյանի գործունեության մասին: Հատկապես հետաքրքրական են շինարարական ոլորտում կատարվող գործարքները, շինարարական ընկերությունների հետ նրանց առևերևույթ փոխկապակցությունները:
Այս մասին կխոսենք ավելու ուշ և խիստ փաստարկված, իսկ մինչ այդ ցավով ենք հետևում, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում, թե ուր են գնում ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից ստացվող միլիոնավոր դոլարները, թե որ կազմակերպությունն է ստանձնել մեր հավաքականի արտերկրյա չարթերային թռիչքների կազմակերպումը և ով է այդ գործընթացի մեջ ներգրավված և այլն: Իսկ ֆեդերացիա ուղղված մեր բոլոր զանգերն ու դիմումները մնում են անպատասխան:
Ցավով պետք է ավելացնենք, որ նույն ողբալի վիճակն է բոլոր տարիքային խմբերի հավաքականներում. Հայաստանում ֆուտբոլն ապագա չունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում