ՍԱՏՄ-ն կոնկրետ փաստեր է պահանջել «Ավանի աղի կոմբինատ»-ից
Panorama.am-ը երեկ հրապարակել էր «Առողջության համար վտանգավոր արդյունաբերական աղը շարունակում է վաճառվել որպես կերակրի աղ. ահազանգ» վերնագրով հոդված, որը Սննդի անվտանգության տեսչական մարմինը գրանցել է որպես ահազանգ։ Այս մասին Panorama.am-ին հայտնել է ՍԱՏՄ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Խոսնակը միաժամանակ ասաց՝ այնքան էլ ազնիվ չէ, որ «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը սլաքներն ուղղում է նաև ՍԱՏՄ-ի կողմ, քանի որ տեսչական մարմինը տեխնիկական աղի վաճառքի հետ կապ ունենալ չի կարող, այն վերահսկում է կերակրի աղը։
«Արեգ Ղուկասյանը պնդում է, որ տեխնիկական աղը վաճառվում է կերակրի աղի փոխարեն, բայց դա ասվում է առանց որևէ կոնկրետացման, իսկ դա մեզ համար հիմք լինել չի կարող։ Մենք չենք կարող բոլոր խանութներում վերահսկողություն իրականացնել։ Մեզ պետք են կոնկրետ փաստեր»,- ասաց ՍԱՏՄ խոսնակը։
Անուշ Հարությունյանը միաժամանակ նշեց, որ այդ արձագանքից հետո զրուցել են «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի հետ և եկել են ընդհանուր համաձայնության, որ նա կոնկրետ փաստեր կներկայացնի։
«Տնօրենն ունի մտահոգություններ, որոնք ևս արդարացված են։ Իհարկե, հնարավոր է, որ կան ոչ ադեկվատ մարդիկ, որոնք կարող են տեխնիկական աղը վաճառել սննդային աղի փոխարեն։ Արեգ Ղուկասյանը համաձայնվեց, որ մենք պետք է ունենանք հստակ հասցեներ, թե որտեղ է նման աղ վաճառվում և եկանք համաձայնության, որ երբ նկատեն նման երևույթներ, այդ մասին ՍԱՏՄ-ին հասցեական կտեղեկացնեն, իսկ մենք հետագծելիությամբ կփորձենք հասկանալ, թե որտեղից է այդ աղը հայտնվում սննդամթերքի իրացման ցանցում, ինչու է այն վաճառվում որպես կերակրի աղ։ Այսպիսով, Արեգ Ղուկասյանը խոստացավ, որ ավելի կոնկրետ ինֆորմացիա կտրամադրի մեզ»,- ասաց Անուշ Հարությունյանը։
Նշենք, որ Արեգ Ղուկասյանը հայտարարել էր՝ Հայաստանում կերակրի աղի արտադրության և իրացման ծավալները կտրուկ նվազել են, պատճառը հանրապետություն ներկրվող արդյունաբերական աղն է, որը վաճառվում է որպես կերակրի աղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին