Ռեքս Քալամյանը մարզում է Հայաստանի բասկետբոլի հավաքականը
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները ամերիկահայ անվանի մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ: Մեր թիմը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությխանցմամբ, Ռեքս Քալամյանի գլխավորությամբ թիմն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել՝ բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ: Հավաքականի մարզումներին դեռևս չի մասնակցում Անդրե Սպայթ Մկրտչյանը, որն այս գիշեր կժամանի Հայաստան, և Քրիս Ջոնսը, որը հավաքականին կմիանա Ֆրանսիայի չեմպիոնի կոչման եզրափակիչ շարքի ավարտից հետո։
Ամերիկյան «Դետրոյթ Փիստոնսի» օգնական մարզիչ Ռեքս Քալամյանը, որն արդեն շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում, ասում է, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում:
«Պետք է շատ արագ դառնանք թիմ, և ոչ 12 անհատ մարզիկներ»,-նշել է նա։
Մարզչի խոսքով՝ իր նպատակը հայկական բասկետբոլի զարգացմանը նպաստելն է. «Կարծում եմ՝ լավ հիմք ունենք: Իսկապես շատ եմ հավանել հայ բասկետբոլիստներին, նրանց որակներն ու հմտությունները: Պետք է ամեն ինչ անենք հայկական բասկետբոլը զարգացնելու համար: Հարցը կոնկրետ մեկ մրցաշարը, կամ մարզումը չէ. առաջնայինը հայկական բասկետբոլի ապագան է։ Շատ ոգևորված եմ: Վերջին անգամ 21 տարի առաջ էի եղել Հայաստանում: Շատ բան է փոխվել: Շատ եմ սիրում Հայաստանը. երկիրը մեծ էներգիա ունի: Ընտանիքս ևս շատ ոգևորված է: Գիտեմ, որ տատիկս էլ, եթե ողջ լիներ, շատ ուրախ կլիներ իմանալով, որ ես գլխավորում եմ Հայաստանի հավաքականը»:
Ռեքս Քալամյանն ավելի վաղ հրապարակել էր այն խաղացողների ցանկը, ովքեր պետք է նախապատրաստվեն հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.
Պաշտպաններ՝
Անդրե Սպայթ-Մկրտչյան («Հոլիվուդ Հրազդան», ԱՄՆ), Արտյոմ Բիչախչյան (ԲԿՄԱ), Մխիթար Վարդանյան («Ուրարտու»), Դավիթ Քարամյան («Նոր Բայազետ»), Գաբրիել Աճեմյան («Փասադենա Սիթի», ԱՄՆ), Մեթյու Մադոյան (առանց ակումբի), Ալեքս Ստեփանյան (ԲԿՄԱ), Քրիս Ջոնս (ԱՍՎԵԼ Լիոն, Ֆրանսիա)
Հարձակվողներ՝
Հայկազ Գրիգորյան («Գյումրի»), Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»),
Գեորգի Պոդկոլզին («Ուրարտու»), Անդրե Զոհրաբյան («Լոս Անջելես Արմենս», ԱՄՆ)
Կենտրոնականներ՝
Զաք Թավիթյան («Ցենտրո Բասկետ», Իսպանիա), Արկադի Մկրտչյան («Ուրարտու»), Դավիթ Խաչատրյան («Մեդ Ֆոքսիս»):
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում: