Ավազակություն տարադրամի փոխանակման կետում
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հունիսի 12-ին, ժամը 23.16-ին հայտնել էր, որ Ավանի Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից փող են հափշտակել։
Դեպքի վայր են մեկնել Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբեր, նաև քննիչներ, փորձաքրեագետներ ու պարեկներ։ Պարզվել է, որ կատարվածն ավազակույթուն էր. ժամը 23-ի սահմաններում գլխարկով ու բժշկական դիմակով մեկը, ձեռքին նռնականման առարկա, մտել էր սուպերմարկետ, և պայթեցնելու սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից փող էր հափշտակել ու փախել: Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ավանի քրեական հետախույզներն ուսումնասիրել են ավազակություն կատարած անձի փախուստի հավանական հետագիծը։ Արդյունքում տարբեր վայրերում հայտնաբերվել են նրա բաճկոնը, դիմակը, ինչպես նաև՝ նռնակը։
Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին, ժամը 21.30-ին, Վաղարշյան փողոցում հայտնաբերվել է և, ավազակություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Երևանի բնակիչ 27-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: