Գործադիրը մոռացել է, որ ճանապարհների կառուցման օբյեկտիվ խոչընդոտները հաղթահարելու համար գոյություն ունեն նախագծման և փորձաքննության փուլեր
«Ես չգիտեմ, թե ինչից է տպավորությունը, որ էս երկրում ամենաքիչը Տարածքային կառավարման նախարարությունը և շինարարաներն են ուզում, որ ճանապարհները որակով լինեն: Այն ամենևին այդպես չէ»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ Տաթև-Աղվանի նորակառույց ճանապարհի շահագործումից մի քանի ամիս անց նրա շարքից դուրս գալու պատճառների մասին հարցին:
Նախարարի խոսքով՝ ճանապարհների երկու գլախովոր պատասխանատու կա՝ պատվիրատուն՝ ի դեմս պետության, ՏԿԵ նախարարության և շինարարները:
«Տաթև-Աղվանիում բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան: Առաջինը տարածքի կառուցվածքն է՝ բարդ ռելևֆը, կավային շերտերը և գրունտները»,-հայտարարեց Սանոսյանը և դրանք համարեց օբյեկտիվ պատճառներ՝ մոռանալով սակայն, որ այդ օբյեկտիվ խնդիրները հաղթահարելու համար գոյություն ունեն ճանապարհի նախագծման և փորձաքննության փուլեր, որոնց համար պետությունը կրկին միլիոններ է ծախսում:
Ըստ ՏԿԵ նախարարի՝ այդ ճանապարհների 3 հատվածներից մեկի շինարարությունն ավելի վաղ է սկսվել, նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար և 3 շերտ ասֆալտի փոխարեն նախատեսված է եղել երկու շերտ ու այդպես նաև մյուս խնդիրները:
«Մյուս երկու կտորը կառուցվել են բավական արագ, տրանսպորտային երթևեկությանը զուգահեռ, այդ ամենին գումարվել են եղանակային պայամնները, ծանր մեքենաներ և այլն:
Այդ ամբողջը հասկանալով՝ աշխատանքները ավարտական տեսքի չեն բերվել, վերջին շերտը չի տեղադրվել, դրանց համար ընկերությունները չեն վճարվել:
Լրատվամիջոցներում միլիարդներ են հնչեցվում: Միլիարդներ տվողը մենք ենք՝ մենք չենք տվել, այդ միլիարդները տվողը ո՞վ է, որ հնչեցնում են: Մենք չենք տվել, քանի որ աշխատանքը չի ավարտվել: Բոլորիս խնդիրն է, բարդ ձորակ է, ռելևֆ է, կավային շերտ է, երկու մետր ամբողջ շերտը հանելու խնդիր կա և շինարարական ընկերությունները հոժարակամ գնացել այդ աշխատանքն անում են, ինչի համար շնորհակալությունս պետք է հայտնեմ նրանց»,-ասաց Գնել Սանոսյանը՝ չհստակեցնելով, թե Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցման համար ինչքան գումար է հատկացված եղել, եթե այդ հատվածի և ՀՀ տարածքի ևս 9 ճանապարահատվածների նորոգման համար մեկ ամիս առաջ՝ մայիսի 13-ին կատավարությունը ևս 4.5 մլրդ դրամը գերազանցող նոր հատկացում արեց:
Նախարարը հավաստիացրեց, որ նորակառույց ճանապարհի թերությունները վերացնելով առաջ են գնում, երկու ընկերություններին միասին մոտ 1 կմ է մնացել, որը հաջողությամբ կավարտեն, թերությունները կշտկեն և երրորդ շերտը կասֆալտապատեն, իսկ մեկ ընկերությունն էլ նոր է իր շինտեխնիկան տեղափոխում հիմնանորոգում իրականացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ անդրադարձ կլինի գազի և էլեկտրաէներգիայի սակագներին. Մհեր Գրիգորյանը սակագներիի նվազման մասին
- Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, պետք է լուծում համարվի մեզ համար. Նիկոլ Փաշինյան
- «Լինսի» հիմնադրամով կառուցված ճանապարհը հիմնանորոգվում է 15 տարի անց, ՀՀ բյուջեով կառուցվածը՝ մեկ տարի անց