Առաջին ուսանողական «նստացույցը» և Հայոց Եռագույնը
«Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ» խորագրի ներքո 34 տարի անց Ազատության հրապարակում հանդիպել են նախկին ուսանողները ։
Արմեն Դավթյանն Ազատության հրապարակում 34 տարի առաջ նստացույց արած առաջին ուսանողներից է եղել։ Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, թե որտեղից է առաջացել «նստացույց» բառը։
«Եկանք նստեցինք այս աստիճանների վրա։ Այն ժամանակ դա նորություն էր։ Մարդիկ գիտեին, որ կարող է միտինգ լինել, երթ, կանգնած ցույց, բայց նստացույց չէին պատկերացնում։Գալիս ասում էին՝ երեխեք ինչի՞ եք այստեղ նստել։ Մենք էլ բացատրում , որ այստեղ ենք այս ինչ պահանջներով և այլն։ Հետո որոշեցինք, պահանջները գրել մեծ պլակատի վրա ու փակցնել այս պատին։Պահանջները գրեցինք ու վերևի հատվածում պետք է գրեինք «նստած ցույց»,բայց չէր տեղավորվում։ Գրեցինք՝ նստացույց ու հաջորդ օրվանից այդ բառը մտավ շրջանառության մեջ և սկսեցին ակտիվ գորգածել, ասես Սովետի ժամանակ միշտ կիրառվել է»,- պատմեց Դավթյանը։
Նրա խոսքով՝ այն ժամանակ իրենց պահանջները կատարվել են, երբ նստացույց են իրականացրել։
«Մեր պահանջներն էին՝ Ղարաբաղի խորհուրդը որոշում էր կայացրել դիմել Հայաստանի Գերագույն Սովետին, մենք էլ պահանջում էինք, որ Հայաստանի Գերագույն Սովետը դրական պատասխան տա Ղարաբաղի մարզխորհրդիորոշմանը։ Նրանք դա չէին ուզում անել, քանի որ Մոսկվայից չէին թողնում»,- հիշում է Դավթյանն ու նշում, որ այդ ամենն արվում էր Մովսես Գորգիսյանի գլխավորությամբ։
«Այն ժամանակ , մայիսի 28-ին ելույթներ էին ունենում, նա ասաց՝ գիտեմ, որ ձեր մոտ կա Եռագույն, հանեք և բարձրացրեք։ Ժողովուրդը ծոցից հանեց Եռագույնն ու բարձրացրեց։ Առաջինն այդ ժամանակ է եղել»,- նշեց նա։
Լուսինե Սահակյանն էլ հավելեց․ «Ես պատիվ եմ ունեցել 1989 թ․-ի մայիսի 28-ին , երբ առաջին անգամ Եռագույնը բարձրացրեց Մովսես Գորգիսյանը և երգեցի « Մեր հայրենիքը»։ Միկրոֆոնը ձեռքիս դողում էի, որ 70 տարի արգելված լինելուց հետո , երգեցի այդ երգը։ Նաև դրոշներ չկային, չէինք կարողանում գտնել նարնջագույն կտոր, որ կարողանայինք դրոշներ կարել, բայց այդ փառահեղ օրերին ունեինք մեծ ոգևորություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան