Սաղաթելյան. Հայտարարել ենք ոչ թե դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու մասին
«Ակնհայտ է, որ անցնող ամիսների ընթացքում «Դիմադրություն» շարժումը լուրջ ձեռքբերումներ է ունեցել»,-ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով, մինչ շարժումը տպավորություն կար, որ օրվա իշխանության՝ երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու նկատմամբ ժողովրդի կողմից կա համակերպում, այլևս Արցախի, Հայաստանի անվտանգության հարցերը հետաքրքիր չեն հանրությանը, ժողովուրդը համակերպվել է առկա իրավիճակի հետ, Հայաստանից հնչում էր միայն պարտության ու հարմարվողականության ձայն, որն արձանագրվել էր միջազգային հանրության կողմից։
«Փոխվեց իրավիճակ։ Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։ Հայ ժողովուրդը միջազգային հանրությանը հստակ կոչ հղեց, որ օրվա իշխանությունների կկողմից վարվող քաղաքականությունը մերժվում է հայ ժողովրդի կողմից։ Շարժման կոչը, որ ժողովուրդ, լաո, արթնացիր, տեր կանգնի քո երկրին, այդ իրավիճակը մեր երկրում ստեղծվել է»,-թվարկեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, իրենց առջև խնդիր կա օր առաջ հասնել իշխանափոխության, այդ ուղղությամբ բոլոր քայլերն արել են, բայց գլխավոր խնդիրը մնում է չլուծված։
«Դրա համար անհրաժեշտ է շարժման վերափոխման ու մարտավորության նոր մոտեցումներ։ Շարժումը պետք է տարածենք ողջ Հայաստանով մեկ, շարժումը պետք է իր օջախները ձևավորի մարզերում, Արցախում ու Սփյուռքում, դրա նախադրյալներն արդեն կան։ Շարժման դադարի, հետքայլի մասին խոսակցություններն ընդամենը խոսակցություններ են, երկու օր առաջ հայտարարել ենք ոչ թե դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու ծրագրի մասին, և աշխատանքներն ամբողջությամբ մեկնարկած են»,-նշեց նա։
Անդրադառնալով վրանները Ֆրանսիայի հրապարակից հանելու որոշման մասին հարցին, քաղաքական գործիչն ասաց՝ ոչ թե շարժումն էր վրանների համար, այլ վրաններն էին շարժման համար։
«Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի ու վրանների արդյունավետության հարցը։ Լինում են պահեր, երբ պետք է ծանր որոշում ընդունել։ Մեր խնդիրն է ոչ թե վրաններով ցույց տալ մեր վճռականությունը, ինչ-որ շրջանակների ինչ-որ բան ապացուցել, այլ այս պայքարն արդյունավետ կազմակերպելն ու վերջնական արդյունքի հասցնելը։ Մեզ համար հեշտ չէր այս որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնական արդյունքի համար»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա. Սաղաթելյան
- Աշոտյան. Իշխան ջան, և ուժեղ եմ, և քո կողքին եմ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ես ավելի քան վստահ եմ, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում ապագա չունի
- Վաղվանից հավաքում ենք մեր վրանները․ Իշխան Սաղաթելյան