Այս փուլում ԱՀԿ-ն կապիկի ծաղկի դեմ պատվաստումներ իրականացնելու անհրաժեշտություն չի տեսնում. Լուսինե Պարոնյան
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ բնական ծաղկի դեմ առկա նոր սերնդի պատվաստանյութերը նաև կանխարգելում են կապիկի ծաղիկը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյան։
«85 տոկոս արդյունավետություն են դրսևորում ոչ միայն կապիկի ծաղիկի, այլև մի շարք այլ վիրուսներով հարուցված հիվանդությունների նկատմամբ։ Այս փուլում ԱՀԿ-ն բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու առաջարկություն դեռ չի ներկայացնում երկրներին, սակայն հետագա համաճարակաբանական գործընթացներին զուգահեռ կարող են այդ առաջարկությունները փոփոխվել, սակայն այս պահին որևէ առաջարկություն պատվաստանյութերի կիրառման առումով չի ներկայացվում»,- ընդգծեց նա։
Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ աշխարհում կան կապիկի ծաղկի դեմ պատվաստանյութեր արտադրողներ, որոնց հետ ԱՀԿ-ն ակտիվ աշխատում և բանակցություններ է վարում, որ ըստ անհրաժեշտության կարողանան երկրներին ապահովել համապատասխան պատվաստանյութով։
Հարցին, եթե Հայաստանում ևս գրանցվեն կապիկի ծաղիկի դեպքեր, ապա ինչ աշխատանքներ պետք է տարվեն, որ տարածումը կանխարգելեն, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանն ասաց, որ որևէ երկիր, այդ թվում՝ Հայաստանն, ապահովագրված չէ այս հիվանդության տարածումից։
«Հնարավոր է, որ մեր երկրում ևս բերովի դեպքեր գրանցվեն, իսկ դրա կանխարգելման համար համապատասխան միջոցառումներ կիրականացվեն։ Մենք ունենք հիվանդության արձագանքման պլան, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկենք»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է երեխաներին, Լուսինե Պարոնյանը նշեց, որ տվյալ բռնկման ընթացքում որևէ երեխայի մոտ կապիկի ծաղիկ հիվանդությունը չի գրանցվել։
Հարակից հրապարակումներ`
- Ուժեղացված հսկողություն Հայաստանի սահմանակետերում` ընդդեմ կապիկի ծաղիկի ներթափանցման
- Վրաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան