ԵԽ Գլխավոր քարտուղարը ծանոթացել է Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությանը
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է թանգարան-ինստիտուտը։
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Եվրոպայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան