Ֆրանսուա Պուպպոնի. Պատրաստակամ եմ աջակցել Արցախի ժողովրդին՝ միջազգային ճանաչման համար պայքարում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ուղեկցությամբ հանդիպել է Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիի հետ:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրասիա-Արցախ հարաբերությունները, ապագա ծրագրերն ու տեսլականները:
Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին՝ միջազգային ճանաչման համար պայքարում:
Արթուր Թովմասյանը նշել է, որ բարձր է գնահատում Ֆրանսուա Պուպպոնիի անձնվեր աշխատանքը՝ որպես Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահի, ինչպես նաև, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել նաև բարեկամական շրջանակի անդամներին՝ կատարած աշխատանքի համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2020թ․ 44- օրյա պատերազմի հետևանքներին և Արցախում տիրող իրավիճակին:
ԱՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է անցյալից դասեր քաղելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև։
Խոսելով Արցախի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՀ կառավարությունը ջանում է օր առաջ լուծել 10-յակ հազարավոր բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային, զբաղվածության և սոցիալական խնդիրները:
Արթուր Թովմասյանը շեշտել է, որ թեպետ առկա են ՀՀ-ից, Սփյուռքի կազմակերպություններից ու գործարար շրջանակներից Արցախին տրամադրվող տարբեր աջակցություններ, այնուամենայնիվ, հնարավորությունները շարունակում են սուղ մնալ:
Ըստ աղբյուրի, ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ համակարծիք լինելու համար։
Հանդիպման շրջանակներում ընդգծվել է ռուս խաղաղապահների և Արցախի Հանրապետության ՊԲ դերը՝ որպես արցախահայության անվտանգության հուսալի երաշխավորների։
«Արցախը երբեք չի եղել ու չի լինի Արդրբեջանի կազմում: Այն որպես կարմիր գիծ պետք է ընկալվի Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության և Արցախի բարեկամների համար: Մենք Արցախի միջազգային ճանաչմանը կհասնենք ուժերի կենտրոնացման և միասնականության շնորհիվ»,- ընդհանրացրել է ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը։
Հանդիպման ավարտին Արթուր Թովմասյանն իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայում հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ։ Այս առումով իր աջակցությունն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին և Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ հանդիսացող, խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր պատգամավորներին:
Իր հերթին Ֆրանսուա Պուպպոնին, ով ծագումով Կորսիկայից է, Արթուր Թովմասյանին հրավիրել է Կորսիկա: ԱՀ Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է Կորսիկա այցի հրավերը և, օգտվելով առիթից շնորհակալություն է հայտնել Կորսիկայի կողմից Արցախի անկախության ճանաչումը։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Կապիտուլյանտը ևս մեկ քայլ առաջ գնաց
- Ալիևը հայտարարել է Փաշինյանի հետ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանավոր պայմանավորվածության մասին
- Սաղաթելյան. Փաշինյանը երեկ ջարդեց նաև իր հիմնական խաղաթուղթը
- Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Մետաքսե Հակոբյան
- Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, պետք է լուծում համարվի մեզ համար. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան