Ուժեղացված հսկողություն Հայաստանի սահմանակետերում` ընդդեմ կապիկի ծաղիկի ներթափանցման
Կապիկի ծաղիկ հիվանդության հնարավոր ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ուժեղացվել է հսկողությունը սահմանին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
«Համագործակցում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, որոնք սահմանին իրականացնում են հսկողություն։ Ուժեղացվել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման համար, քանի որ կապիկի ծաղիկ հիվանդությունը սկսվում է ջերմությամբ, իսկ երկու-երեք օրվա ընթացքում առաջանում է ցան»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր դեպքերն ախտանշաններով են ուղեկցվում։
Լուսինե Պարոնյանը նշեց, որ կասկածելի դեպքի ախտանշաններն են՝ 38.5 և ավելի բարձր ջերմությունը, 1-3 օրվա ընթացքում առաջացած ցանը և ավշային հանգույցների բորբոքումը։ Հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ շփման արդյունքում։
Նրա խոսքով՝ հունիսի 15-ի դրությամբ ամբողջ աշխարհում մարդկանց շրջանում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը հասել է 1704-ի։ Դրանք հիմնականում գրանցվել են երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Ընդհանուր առմամբ, կապիկի ծաղիկի դեպքերը գրանցվել են աշխարհի 34 երկրում։
Լուսինե Պարոնյանը տեղեկացրեց, որ Վրաստանում երեկ հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքը։
«Կասկածելի դեպքի մասին գիտեինք և մշտապես կապի մեջ էինք վրացի գործընկերների հետ։ Նրանք ասել են, որ դեպքը բերովի է։ Վարակվածը երիտասարդ տղամարդ է»,- ասաց նա։
Հարցին, եթե դեպքեր արձանագրվեն, ապա հայ-վրացական սահմանը կփակվի՞, Լուսինե Պարոնյանը նշեց, որ ԱՀԿ-ն այս պահին որևէ ճանապարհորդությունների սահմանափակում խորհուրդ չի տալիս, ուստի, վաղ է խոսել սահմանի փակման մասին։
«Անգամ այն երկրներում, որտեղ շատ են դեպքերը, օրինակ, Մեծ Բրիտանիայում, որտեղ 500-ից ավելի դեպք է արձանագրվել, սահմանը փակ չէ և մարդիկ չեն խուսափում այնտեղ մեկնելուց: Ոչ մի երկրում սահմանափակում չի կիրառվումՀույս ունենանք, որ Վրաստանում դեպքերի ավելացում չի լինի»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- ԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի կապիկի ծաղիկի վիրուսը
- Կանադայում կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 112-ի
- Նախազգուշացում ճանապարհորդներին՝ կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար
- Հնարավոր է կապիկի ծաղիկը հասել է Վրաստան
- Հայաստանը չի դիմել ՌԴ-ին կապիկի ծաղիկի թեստեր ձեռք բերելու համար
- ԱՀԿ-ում գնահատել են կապիկի ծաղիկի գլոբալ համաճարակի հավանականությունը
- Իրանում պատրաստել են կապիկի ծաղկի թեստավորման փաթեթներ
- Արգելել էկզոտիկ կապիկի ներմուծումը՝ կանխելու Հայաստան կապիկի ծաղիկի մուտքը
- Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ