ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
Վերջին օրերին ՀՀ բանկերը քաղաքացիներին դոլարով փոխանցված գրումարները բացառապես դրամով են տալիս, կամ եթե նույնիսկ դոլարով էլ են տալիս, ապա որոշակի կոմիսիաներ են պահում, այսինքը՝ տվյալ պահին բանկում առկա փոխարժեքից ցածր փոխարժեքի տարբերության գումարներ են գանձում քաղաքացուց:
Քաղաքացիների շրջանում շատ են նաև բողոքները, որ նրանք դժվարությամբ են կարողանում բանկերից դոլար գնել, դա էլ այն դեպքում, երբ մայիսին ՀՀ շուկա աննախադեպ ծավալի՝ 330 մլն ԱՄՆ դոլոր է մուտք եղել և նրա ավելցուկի պատճառով դոլարն մեկ ամսում մոտ 13 %-ով արժեզրկվել է:
Փորձագետները Հայաստանում կանխիկ դոլարի շրջանառության սահմանափակումը բացատրում են ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներով, որոնցով փորձ է արվում կանխել դոլարի հոսքը ՌԴ, իսկ այդ մեխանիզմի գործելու հավանականությունը մեծ է, քանի որ Հայաստանը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին:
Վերջին ասուլիսում իրավիճակը պարզաբանեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի պատճառով առաջացել են կանխիկ և անկանխիկ արտարժույթի շուկաներ: Անկանխիկ արտարժույթի շուկայում որևէ խնդիր չկա և երբ քաղաքացին ունի տրանսֆերտ, որն արտերկրում մուտք է եղել հայկական բանկի թղթակցային հաշվի վրա դոլարային տեսքով, ապա ՀՀ բանկերը Հայաստանում առանց որևէ խնդրի այդ գումարը փոխանցում են քաղաքացու արտարժութային դոլարային հաշվին, որտեղից նա կարող է դոլարը ստանալ:
Մարտին Գալստյանը հայտնեց, որ խնդիրն առաջանում է այն պահին, երբ արտերկրում փոխանցված անկանխիկն այնտեղ մնում է որպես անկանխիկ, իսկ այստեղ հաճախորդն ուզում է վերցնել որպես դոլար, իսկ աշխարհի երկրներում, միջազգային փոխանցումների ժամանակ գործող պրակտիկայով, երբ գումար է ստացվում, ապա այն քաղաքացուն տրվում է ազգային արժույթով:
Հայտարարելով, որ նման խնդիր նախկինում Հայաստանում երբեք չի եղել՝ ԿԲ նախագահն ասաց. «Ստեղծված իրավիճակում գործընկեր կենտրոնական և այլ բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլարներ, որովհետև որոշակի տեսակետ կա, որ այդ դոլարները կարող են փոխանցվել ռուսական կողմին, Ռուսաստանի քաղաքացիներին, ուստի մեր հասանելիությունը ԱՄՆ-ի կանխիկ դոլարի նկատմամբ որոշակի նվազել է և դրանով պայմանավորված հայկական բանկերը դրսևորում են որոշակի վարքագիծ»:
Պատրաստեց՝ Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում դոլարի և եվրոյի շրջանառությունը չի արգելվի
- Դոլարը սկսել է թանկանալ
- ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
- Մայիսի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պահուստները 3 մլրդ 151 մլն դոլար են.Արմեն Նուրբեկյան
- Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան