Լոռիում մամոգրաֆիկ ստուգում է անցել 10 հազար կին, 138-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ
Հաջողվել է փրկել շուրջ 120 կնոջ կյանք, շուրջ 9000 կանայք հաղթահարել են վախերը և համոզվել, որ չունեն առողջական խնդիրներ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված: ԱՆ-ից հայտնում են, ամփոփվել են Լոռու մարզում իրականացված մամոգրաֆիայի ազգային ծրագրի արդյունքները։
Առողջապահութան նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանն աշխատանքային այցով եղել են Լոռու մարզում՝ խրախուսելու բժշկական կազմակերպություններին, որոնք մամոգրաֆիայի ազգային ծրագրի շրջանակում ապահովել էին բարձր կատարողական: Լոռու մարզի 8 բուժհաստատության հատկացվել է 12 համակարգիչ և 6 տպիչ:
Ըստ աղբյուրի, 1.5 տարվա ընթացքում շարժական մամոգրաֆը տեղակայվել է Լոռու մարզի բոլոր քաղաքներում՝ սպասարկելով 50-69 տարեկան ավելի քան 10 հազար կնոջ: Ախտորոշումը հստակեցնելու նպատակով 846 կին ուղեգրվել է լրացուցիչ հետազոտությունների:
Ուղեգրված 846 կնոջից 534-ն անցել են լրացուցիչ հետազոտություններ (մյուսները չեն այցելել), 138 կնոջ (1.3%) մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է, և 121 հիվանդի տրամադրվել է մասնագիտացված բուժօգնություն:
Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) աջակցությամբ:
Մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններն իրականացվում են «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ՀՀ-ում Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) միջոցներից: