Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա․ Քաղաքապետարանի պարզաբանումը
Երևանի քաղաքապետարանը, անդրադառնալով Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում գործադուլին, պարզաբանում է․
«Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում մի քանի անգամ նշվեց, իբրև կադրային փոփոխություններն իրականցվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ վերոնշյալ պոլիկլինիկան գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, ինչը նշանակում է, որ կադրային քաղաքականության իրականացումը բացառապես համայնքի իրավասությունն է:
Եվս մեկ անգամ վստահեցնում ենք, որ քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, և հենց դա է պատճառը, որ նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով»: