Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում գործադուլ է
«Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Աննա Սիսոյանին աշխատանքից ազատելու մասին լուրը ոտքի է հանել կոլեկտիվին, կիսատ թողել հիվանդի հետազոտություններն ու ախտորոշումը։ Պոլիկլինիկան գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հր. Ներսիսյան 7/1 հասցեում։
«Ես հիսուն տարի է՝ օգտվում եմ պոլիկլինիկայի ծառայություններից։ Նման անձնակազմ չեմ տեսել որևէ տեղ։ Բնակչի հոգսերով ապրող մարդիկ են»,-լրագրողներին ասում է Աիդա Այվազյանը, որը բողոքի ակցիայի պատճառով չէր կարողացել բուժզննումներն ավարտին հասցնել։
Ողջ ծավալով բուժօգնություն տրամադրվել է հրատապ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներին։
Քաղաքային իշխանության՝ տնօրենին աշխատանքից ազատելու մասին որոշումը բարկացրել է քաղաքացուն, ասում է՝ հարցրե՞լ են բնակիչների, կոլեկտիվի կարծիքը, բողոք ունե՞ն։
Պոլիկլինիկայի աշխատակիցները փակել են աշխատասենյակների դռները, դուրս են եկել բակ՝ արտահայտելու իրենց բողոքը Աննա Սիսոյանին ազատելու վերաբերյալ։ Ակցիային միացել են նաև թաղամասի այն բնակիչները, որոնք այդ պահին պոլիկլինիկա էին եկել զննումների։
«Ո՞ւր է Քրիստինե Գրիգորյանը»,-փնտրում է քաղաքացին ՄԻՊ-ին։
«Շենք, որ մտնեք, կտեսնեք, տնօրենի հոգատար ձեռքը։ Հիմա ի՞նչ պատճառով են տնօրինին ազատում, ես չգիտեմ, ո՞րն է խնդիրը»,-ասաց մեկ ուրիշը։
Պոլիկլինիկայի տնօրենի՝ փորձաքննության մասով տեղակալ Կարինե Հայրապետյանն ասաց, Աննա Սիսոյանին ազատելու մասին իմացել են հունիսի սկզբին։
«Տնօրենը ժողովում ասաց, որ իրեն առաջարկվել է տեղափոխվել այլ աշխատանքի, որպես մեկ այլ բուժհիմնարկի տնօրենի տեղակալ։ Մեր կարծիքն էր ուզում իմանալ։ Շատ վրդովվեցինք։ Գործադուլը ցանկանում էինք այդ ժամանակ անել, բայց որոշեցինք Հիպոկրատի երդմանը համաձայն, աշխատենք, իսկ պայքարն այլ ձևով իրականացնենք, նամակներ ենք գրել վարչապետին, դեպուտատներին, արհմիության նախագահն է ուղարկել նամակները, բայց որևէ մեկից պատասխան չստացանք»,-ասաց տնօրենի տեղակալը։
Նա ասաց՝ 15 օր տեսչական մարմինն իրենց մոտ ստուգումներ է իրականացրել շատ մանրակրկիտ կերպով, ոչ մի կոպիտ խախտում չի արձանագրվել։
«Այսօր ժամը 12։00-ին ստացանք հրաման, որը մակագրվել է քաղաքապետի կողմից հունիսի 2-ին, որ Սիսոյանն ազատված է աշխատանքից»,-ասաց փոխտնօրենը։
Ստացված գրության մեջ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ինքը՝ Կարինե Հայրապետյանը, սակայն , ինչպես հայտարարեց, չի պատրաստվում այդ գործառույթն իրականացրել։
Թե որն է ազատման պատճառը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են՝ չգիտեն, դա են ուզում պարզել։
«Դեմոկրատ երկրում նման անօրինությո՞ւն»,-ասաց նա։