Թբիլիսիում բացվել է Սերգեյ Փարաջանովի անունը կրող փողոց
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում բացվել է Սերգո Փարաջանովի անունը կրող փողոց։ Այն բացվել է Թբիլիսիի սակրեբուլոյի Անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նախաձեռնությամբ և Թբիլիսիի սակրեբուլոյի որոշմամբ, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Փողոցի բացմանը ներկա էին Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամները, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, Սերգո Փարաջանովի ընկերներն ու հարազատները։
«Բացեցինք հայտնի կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի անունը կրող փողոցը։ Անգնահատելի է Փարաջանովի ներդրումը մեր մշակույթի և կինոյի մեջ: Ուրախալի է, որ փողոցը, որտեղ ապրում էր Սերգո Փարաջանովը, անվանակոչվել է հայտնի ռեժիսորի անունով»,- ասել է Թբիլիսիի սակրեբուլոյի Անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովի նախագահ Նինո Վարդոսանիձեն։
Թբիլիսիի քաղաքային խորհրդի փոխնախագահ, Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր Զուրաբ Աբաշիձեի խոսքով, կարևոր է, որ յուրաքանչյուր թբիլիսցի, երիտասարդ և ապագա սերունդ միշտ հիշի հանճարեղ արվեստագետ Սերգո Փարաջանովին։
«Ուրախ եմ, որ Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը, որտեղ ապրել է հայտնի կինոռեժիսոր Սերգո Փարաջանովը, անվանակոչվել է նրա անունով։ Յուրաքանչյուր թբիլիսցու, մեր երիտասարդության և հետագա սերնդի համար շատ կարևոր է միշտ հիշել մեր մայրաքաղաքում մեծացած այս հանճարեղ արվեստագետին և գնահատել նրա մեծ ներդրումը վրացական արվեստի զարգացման գործում։
Սերգո Փարաջանովն իր առանձնահատուկ ոճով, բազմազանությամբ ու ոչ ստանդարտ մոտեցումներով պատվավոր տեղ է հաստատել կինոաշխարհում։ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը և քաղաքապետարանն անում են հնարավոր ամեն բան՝ նրա անունը հավերժացնելու համար։ Այսօրվա միջոցառումը դրա վառ օրինակն է»,- ասել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի փոխնախագահ, Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն։
Փողոցի բացմանը սակրեբուլոյի անդամները, արվեստի ոլորտի ներկայացուցիչները և Սերգո Փարաջանովի ընկերները տեղադրել են հասցեի ցուցանակներ։ Կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի անունով կոչվել է Կոտե Մեսխի նրբանցքը։ Սա այն վայրն է, որտեղ ապրել է հայտնի կինոռեժիսորը։
Սերգեյ Փարաջանովը համարվում է 20-րդ դարի ականավոր կինոռեժիսորներից մեկը։ Հայազգի կինոռեժիսորը ծնվել և մեծացել է Թբիլիսիում՝ Հովսեփ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում։ Սերգո Փարաջանովի ստեղծագործությունները հիմնականում արտացոլում են Կովկասի էթնիկ բազմազանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում բացվել է Փարաջանովի ստեղծագործությունների «Ես միայն երազելու իրավունք ունեմ» ցուցահանդեսը
- Ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի թանգարանի 30-ամյակին
- Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը
- Թբիլիսիում փողոց են անվանակոչել Սերգեյ Փարաջանովի անունով
- Թբիլիսիի փողոցներից մեկը կանվանակոչվի Փարաջանովի անվամբ
- Ես այլախոհ չեմ, պարզապես անիծված ռեժիսոր եմ. Սերգեյ Փարաջանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան