Փորձենք մնալ այն դաշտում, որը հետագայում որևէ խնդիր չի առաջացնի ՀՀ-ի համար. Սուրեն Թովմասյան
«Չեմ հիշում նման բան»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա հիշում է, որ «ՀՀ պետական սահմանների մասին» օրենք գոյություն ունի, բայց 2020 թվականի դեկտեմբերին բանավոր փոխըմբռնմամբ Սյունիքից տարածքներ զիջվեցին թշնամուն:
Արձագանքելով կադաստրի կոմիտեի պետին՝ լրագրողը հարցրեց, թե արդյո՞ք այդ ընթացքում Թովմասյանն առողջական խնդիրներ է ունեցել:
«Ընդհանրապես: Ես չեմ հիշում այն առումով, որ նման բան ընդհանրապես տեղի չի ունեցել»,-պատասխանեց կոմիտեի ղեկավարը:
Լրատվամիջոցի ներկայացուցիչը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է պոստ ֆակտում ասել, որ բանավոր փոխըմբռնման արդյունքում Որոտանի մի մասը, Շուռնուխից մի կտորը և Սյունիքի բարձունքները զիջվել են թշնամուն:
«Ես որպես մասնագետ մեզ բոլորիս խորհուրդ կտամ փորձել մնալ այն դաշտում, որը հետագայում որևէ խնդիր չի առաջացնի ՀՀ-ի համար: Այսինքը՝ վարչապետի հրամանով ստեղծվել է հանձանժողով, դուք շատ լավ տեսնում եք, որ հանձնաժողովն ակտիվ է տանում աշխատանքները»,-արձագանքեց Թովմասյանը:
Լրագրողն հակադարձեց, որ չի տեսնում ակտիվ աշխատանք:
Կադաստրի կոմիտեի նախագահը շարունակեց՝ ասելով, որ յուրաքանչյուր կառույց այդ հանձնաժողովում անում է իր լիազորությունների շրջանակի աշխատանք:
Լրագրողը հիշեցրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է վերջերս, իսկ ինքը խոսում է 2020 թվականին հանձնված տարածքների և միջպետական ճանապարհի մի հատվածի մասին, որոնց հետ բերելու մասին չի խոսվում, բայց դրա փոխարեն պաշտոնապես հայտնել են, որ դրանք վիճարկելի տարածքներ են և հետաքրքրվեց, թե կադաստրի պետը իր ձռքի տակ ունի՞ ՀՀ ամբողջական քարտեզը և ի՞նչ քարտեզների հիման վրա է այսօր տեղի ունենում հանձնաժողովի աշխատանքը:
«Որպես կադաստրի պետ ես ձեզ ասում եմ, որ մենք ունենք ամբողջ Հայաստանի կադաստրային քարտեզները, իսկ թե ի՞նչ քարտեզների հիման վրա են բանակցությունները գնում՝ Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ, այլ իրավական հարցերի շրջանակում է: Ցանկացած խնդիր, որը պետք է լուծում ստանա՝ պետք է արվի բացարձակապես իրավական հիմքերի վրա: Իրավական հիմքերով ո՞ր քարտեզները կորոշվեն որպես հիմք, դրանց վրա Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կստանա համապատասխան հանձնարարականներ և կկատարի համապատասխան աշխատանքներ»,-ասաց Սուրեն Թովմասյանը և, հայտարարելով, որ դրանից դուրս որևէ բացատրություն չի կարող տալ և չի պատասխանի լրագրողի մյուս հարցերին, հեռացավ:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա
- Ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել. Սաղաթելյան
- Հայաստանի հետ սահմանազատման արդյունքները չեն կարող ազդել Արցախի ներկա և ապագա կարգավիճակի վրա. Արտակ Բեգլարյան
- Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան