Ամերիկացիները սկսել են խուճապի մատնվել և զանգվածաբար դիմել պարենային օգնության համար
Բարձր գնաճի և բենզինի գների պատճառով ամերիկացիները սկսել են խուճապի մատնվել և զանգվածաբար դիմել պարենային օգնության համար՝ միաժամանակ հրաժարվելով մեքենաներից, ասվում է The Washington Times-ի հոդվածում։
Ինչպես նշվում է հոդվածում, բենզինի ռեկորդային գինը, սննդամթերքի և այլ ապրանքների շարունակական թանկացումների հետ մեկտեղ, սկսել են վնաս հասցնել եկամուտների ցածր մակարդակ ունեցող մարդկանց, ինչի արդյունքում նրանք ստիպված են լինում դիմել սննդի բանկերին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ որոշ բնակիչներ գործնականում «փակվել» են տանը, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ լիցքավորել մեքենաները և գնալ որևէ տեղ։ Ֆլորիդայի Էմի անունով մի բնակչուհի թերթին պատմել է, որ նա ծախսել է 110 դոլար իր մեքենան լիցքավորելու վրա, իսկ մթերային խանութում նա ստիպված է եղել հրաժարվել շատ անհրաժեշտ ապրանքներ գնելուց։
Ֆլորիդայի մեկ այլ բնակչուհի՝ 83-ամյա Սամի Սփայքերը, պատմել է, որ մեքենայի լրիվ լիցքավորումն իր վրա կարժենա 85 դոլար, իսկ ապրանքներն իր համար չափազանց թանկ են դարձել։ «Բանը հասել է նրան, որ հիմա ոչ մի տեղ չեմ կարող գնալ, ես ուղղակի տանը նստած եմ»,- դժգոհել է ամերիկացին։
Ինչպես The Washington Times-ին ասել է սննդի տեղական բանկերից մեկի համակարգող Ջոն Զաուերը, վերջին ամիսներին կտրուկ աճել է անվճար սննդի համար դիմողների թիվը՝ միջինը 57%-ով ավելի, քան անցյալ տարի։ «Կարծում եմ, որ մենք ավելի լավ բանի չենք գնում»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի տնտեսության վիճակը։
Իր հերթին սննդամթերքի մեկ այլ բանկի ադմինիստրատոր Միշել Սփրինգերը հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում իրենց օգնության համար դիմողների թիվը աճել է մեկ քառորդով։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհը պարենային ճգնաժամի շեմին է․ Պեսկով
- ՄԷԳ. Եվրոպայում ամռանը կարող է բենզինի խնդիր առաջանալ
- Ուկրաինան ԱՄՆ-ից ամսական 2 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է խնդրում