«Նախագահ Խաչատուրյանը սկսում է Փաշինյանի իմփիչմենտի գործընթա՞ցը»
Այլընտրանքային նախագծեր խումբը հերթական հոդվածում անդադարձել է Վահագն Խաչատուրյանի կողմից Մոսկվայում հնչեցված հայտարարություններին ու դրանց հնարավոր հետևանքներին.
«ՀՀ նախագահ Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին. «…Ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր։
Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել էր Վլ. Պուտինը և զարմանք հայտնել հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ։ Հետագայում դա փաստել էր ԱԱԾ ժ/պ Մ. Համբարձումյանը, ԳՇ պետ Օ. Գասպարյանը և այլոք։ Ն. Փաշինյանը հետագայում փորձել էր մանիպուլացներ հարցը ու, ինչպես հաճախ է պատահում, է´լ ավելի ծանրացրել վիճակը։
Ի՞նչ կնշանակեր հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելը.
- Մոտավորապես 2000 զոհ պակաս կունենայինք։ Կփրկվեր այդքան զինվորի, սպայի կյանք,
- Հազարավոր վիրավորներ ավելի պակաս կունենայինք
- Տարածքային ահռելի, սկզբունքային նշանակության կորուստներից հնարավոր կլիներ խուսափել,
- Չէր լինի ազգային նվաստացման այսօրվա մակարդակը։
Թե ինչո՞ւ Փաշինյանի մերձավոր թիմակից նախագահ Խաչատուրյանը նման բան ասաց, այս պահին կարող ենք միայն ենթադրել։ Բայց ՀՀ նախագահը, ըստ էության, ծանր վիճակում դրեց վարչապետ Փաշինյանին։ Ի դեպ հայկական կողմի հաղորդագրության մեջ այդ հատվածը չկա՝ հանել են, հավանաբար վերջին պահին հասկացել են վտանգավորության աստիճանը, սակայն տեքստի սղագրությունը պահպանվել է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Վահագն Խաչատուրյանը մեծ հաշվով սկսեց Նիկոլի իմփիչմենտի պրոցեսը՝ լեգիտիմ հիմք դնելով դրա տակ։
Հոկտեմբերի 19-ը ամենամութ հարցն է, որը պետք է քննվի։ Մյուս կողմից՝ ամենակոնկրետ հարցն է, և սրա շուրջ մանևրելու հնարավորությունները մեծ չեն։
Սա նոր թեմա չէ, սրա մասին խոսվել է պատերազմից անմիջապես հետո, և մենք դեռևս պետք է վերլուծենք ու հասկանանք, թե ինչպե´ս հայ ընտրողը կարողացավ դրանից գրեթե անմիջապես հետո կայացած ընտրություններում ձայն տալ նույն մարդուն։ Վերլուծությունը կարող է ցավոտ լինել և գուցե հերթական հարվածը հասցնել մեր արժանապատվությանը, բայց մասնագետները պարտավոր են դա անել, դա ազգային անվտանգությանն առնչվող հարց է։
Ի դեպ, նոյեմբերի 9-ից հետո ընդդիմության բոլոր ֆորմատներին առաջարկվել էր ձևավորել հանրային քննիչ հանձնաժողով՝ նախկին զինվորականների, սպաների, փորձագետների, զոհվածների հարազատների, հանրային դեմքերի, լրագրողների մասնակցությամբ։ Հանձնաժողովն անհրաժեշտ էր նաև հենց ա´յս ու այլ բազմաթիվ հարցեր քննելու և դրանց շուրջ օրակարգ ձևավորելու համար։ Ոչինչ չարվեց։
Բայց նախագահ Խաչատուրյանը Պուտինի ներկայությամբ թարմացրեց թե´ վերքը, թե´ պատմությունը։
Սպասել, թե իրավապահ համակարգը նոր ի հայտ եկած հանգամանքների առիթով կսկսի բուռն քննություն, այս պահին ծիծաղելի է։ Սա այս պահին ավելի շատ հասարակական պրոցես պետք է լինի. չի´ կարող որևէ հասարակություն քիչ թե շատ հաջողել, եթե այդքան անտարբեր է իր զոհերի և տարածքների հանդեպ։ Շատ դժվար է շարունակել անհոգ ապրել, երբ գիտես, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կարելի էր դադարեցնել և փրկել այդքան մարդու կյանք, փրկել մեր քաղաքներն ու գյուղերը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան