Ապարանից «Արմենիա» ԲԿ տեղափոխված վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ կայուն ծանր
Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում կրակոցների հետևանքով տուժածներից երեքը տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։ Նրանցից մեկի մոտ արձանագրվել է կենսաբանական մահը, մյուս վիճակը ծայրահեղ ծանր է։
«Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը «Մեդիահաբ»-ին տված հարցազրույցում ասել է, մահացածը և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածը վնասվածքներ են ունեցել գլխի ու պարանոցի շրջանում։
Գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացած տուժածը վիրահատվել է։
«Սակայն ընդհանուր վիճակն ու ուղեղանյութի տուժվածությունը մեզ բավարար հիմք չի տալիս օպտիմիստ լինել իր հարցով։ Շատ ծանր է վիճակը»,-ասաց Կուրղինյանը։
ԲԿ տնօրենի խոսքով, համեմատաբար կայուն, բայց ծանր, վիճակում է երրորդ տուժածը։
«Վնասված է նրա կրծքավանդակը։ Կատարվել է վիրահատություն, նա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը երեկ տարածել է հայտարարություն, ըստ որի հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան:
Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:
«Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- ասված է ոստիկանության հայտարարությունում։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին՝ կրակողները ՔՊ-ականների հարազատներն են։ Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
Ըստ աղբյուրի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան