Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ. Կամո Արեյան
«Կիևյան-Օրբելի խաչմերուկին ավազը բերած լցրած է, վրան ոչ մի ծածկ չկա, նշանները գետնին տապալված էին, քամին ավազա տալիս՝ այս ու այն կողմ է տանում»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյան և ենթադրեց, որ ուրբաթ օրեն են շինարարները բերել թողել, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օր է և սկսելու են աշխատել միայն երկուշաբթի:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց, որ 12 վարչական շրջանների ղեկավարներ ունեն ստորագրված պայմանագրեր ՀԷՑ-ի «Վեոլիա Ջուր»-ի, «Գազպորմ Արմենիա»-ի և կապի հետ, որոնք վերաբերում են վթարա-վերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և հետաձգելի նոր կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին:
Նրա խոսքով՝ այդ պայմանագրերում գրված են բոլոր պայմանները՝ տեխնիկական առաջադրանքի պահանջները և շինհրապարակի կահավորումը:
Հայտնելով, որ պայմանագիրը մեկ տարվա ուժ ունի և կնքվել է մարտ ամսին՝ Կամո Արեյանն ասաց. «Պարոն քաղաքապե՛տ, ես խնդրում եմ ձեր հանձնարարականները, որպեսզի վարչական շրջանի ղեկավարները 180 աստիճան պտտվեն և կատարեն իրենց պարտականություններն այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ»:
Քաղաքապետի խորհրդականը հավելեց, որ պայմանագրի վերահսկողությունն վարչական շրջանների ղեկավարների վրա է, վարչական պատասխանատվություն կրում են շինարարական աշխատանքներ կատարողները, իսկ վարչական տուգանք նշանակելու իրավասությունը կրկին վարչական շրջանների ղեկավարներինն է:
«Աշխատանքները նոր են սկսել, պետք է բոլորը վերանայեն իրենց մոտեցումները և հստակ կատարեն իրենց պարտականությունները՝ խիստ վերահսկողությունը, պատժելի վերին աստիճանի վերահսկողությունը մատակարար կազմակրեպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը, շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են, խնդրում եմ, որ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչությունն ևս ամբողջությամբ վերանայի իր աշխատանքները: Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ, վերականգնման որակը պետք է գա իր տեղը»,-հայտարարեց Կամո Արեյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վստահություն հայտնեց, որ վարչական շրջանների կոմունալ վարչության պետերը չեն շրջում՝ հետևելու, թե ինչ է կատարվում իրենց տարածքներում:
«Հիմա, որ սկսեմ կոմունալ վարչության աշխատակիցներով զբաղվել, թե ով ինչ է անում, հետո ասեմ, որ պետք է փոփոխություններ անեք, ասելու եք՝ մեր լիազորությունները մեզանից տանում եք»,-հայտնեց Երևանի քաղաքապետը և հանձնարարական տվեց հետևել շինարարների աշխատանքին և մեկ տարվա հետերաշխիքային շրջանի իրավունքով պարտադրել վերացնել բոլոր թերությունները:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մի քանի վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
- Մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ ուղղելու, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք. Հրաչյա Սարգսյան
- Լավ է՝ ավտոյի տակ չի ընկել. Հրաչյա Սարգսյանը՝ մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին
- Ասում են հույսը չի մեռնում՝ հույսով ապրողն է մեռնում. Հրաչյա Սարգսյան