
Ոստիկանությունը՝ Նիգավանում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով կա զոհ և 6 վիրավոր
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել հունիսի 19-ին Ապարանում տեղի ունեցած կրակողների վերաբերյալ՝ նշելով, որ Նիգավանում կրակոցները հնչել են կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի արդյունքում։
«Հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան:
Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:
Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- ասված է հայտարարությունում։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիոցները հայտնել էին՝ կրակողները ՔՊ-ականների հարազատներն են։ Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
Ըստ աղբյուրի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։