Ոստիկանություն. Նման հանդուգն գողերը շատ չեն
Ամռան ամիսներին ավելանում է բնակարանային գողությունների թիվը։
Ոստիկանությունից հայտնում են՝ պատճառները պարզ են: Ամռանը ընտանիքով հանգստի մեկնելը պատճառներից մեկն է: Տևական ժամանակ տունը դատարկ թողնելը բնակարանային գողերի համար նպաստավոր պայման է:
Իրավապահ մարմնի փոխանցմամբ, իսկ փորձառու բնակարանագողերի համար մեկ օրը չէ, հաշված ժամերն էլ բավական են` գործը գլուխ բերելու համար: Կարելի է խնդրել հարևաններին` ուշադիր լինել և երբեմն հսկել ձեր բնակարանի դուռը, կասկածելի շարժ նկատելիս զանգել ոստիկանություն: Տանը մի թողեք փող ու թանկարժեք իրեր, մի կարծեք, թե տան ձեր թաքստոցը հուսալի է. բնակարանագողերը լավ գիտեն, թե որտեղ կարող են լինել այդ տնայնական թաքստոցները: Չհրկիզվող պահարանները նույնպես հուսալի չեն: Եղել են դեպքեր, երբ փողն ու թանկարժեք իրերը տարել են «սեյֆով» հանդերձ: Ավելի լավ է դրանք հանձնել բանկ կամ ի պահ տալ վստահելի մարդու: Չմոռանաք նաև, որ առաջին-երկրորդ հարկերի բնակարանների դեպքում անվտանգության պարտադիր պայման են պատուհանների ճաղավանդակները:
Շոգին մեր քաղաքացիների մի մասը դռներն ու պատուհանները կրնկի վրա բաց է թողնում, ինչը նույնպես բնակարանագողերի համար լավագույն տարբերակ է: Ի վերջո, բոլորովին էլ դժվար բան չէ` բաց դռնով մտնել տուն ու միջանցքից թռցնել պայուսակ, դրամապանակ, բջջային հեռախոս: Հարկավոր է ընդամենը դաստիարակության թերություն և մի փոքր էլ հանդգնություն: Փոքր կորստի դեպքում տերերը հարկ չեն համարում դիմել ոստիկանություն: Այնինչ նման հանդուգն գողերը շատ չեն, և նրանց մեկուսացնելն էապես կնվազեցնի նմանատիպ հանցագործությունների հավանականությունը:
Ոստիկանությունից զգուշացնում են, ամառային մեկ այլ վտանգ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Մեկ-երկու օրով հանգստի գոտի մեկնողերի զգոնությունն էլ պետք է տեղում լինի: Այո, կարող է մղում լինել` րոպե առաջ հասնել Սևան ու մտնել ջուրը: Ոստիկանությունը հորդորում է` հինգ րոպե ուշ հասնել, բայց` հասնել: Հիշեք, որ ծանր հետևանքներով վթարների զգալի մասը արագության գերազանցման հետևանք են, ու՝ ոչ միայն:
Ոստիկանությունը կտրականապես և հետևողականորեն հորդորում է` թեկուզ քիչ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել:
«Խնդրում ու պահանջում ենք` միշտ հիշել, որ մեքենա վարելը հսկայական պատասխանատվություն է նաև մտերիմների ու հարազատների հանդեպ: Մի հորդոր էլ այդ մտերիմներին ու հարազատներին. թույլ մի՛ տվեք, որ մեքենան վարեն ալկոհոլ օգտագործած վիճակում:
Եվ դարձյալ` ալկոհոլի մասին: Յուրաքանչյուր բժիշկ կամ փրկարար խորհուրդ կտա` խմած վիճակում չմտնել սառը ջուրը: Սրտի կանգ, կաթված, ջրահեղձում... Իսկ ոստիկանության մտահոգությունները քիչ այլ են: Թեև որոշակիորեն նվազել են հանգստի գոտիներում արձանագրվող միջադեպերը, բայց դրանք կան և հիմնականում խմած մարդկանց անհիմն ու անհեթեթ վեճերի արդյունք են: Մարմնական վնասվածքներ, հիվանդանոց ու ոստիկանություն տեղափոխված անձինք. այնինչ մեկնել էին առօրյա հոգսերից կտրվելու, զվարճանալու, զովանալու նպատակով»,-նշում են ոստիկանությունից։