Վիգեն Ավետիսին շնորհվել է «Կավրիլիա քաղաքի բանալի» մրցանակ
Քանդակագործ Վիգեն Ավետիսին շնորհվել է «Կավրիլիա քաղաքի բանալի» մրցանակը։ Այս մասին տեղեկանում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ Հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը։ Նա մասնավորապես նշել է, որ ժողովուրդների և տարբեր մշակույթների միջև կամուրջներ ստեղծելուն սեփական տաղանդն ու մասնագիտական գիտելիքները ծառայեցնելը` յուրահատուկ առաքելություն է, որն իր հետքն է թողնում պատմության մեջ։
Նա նաև երախտագիտություն է հայտնել Կավրիլիայի ղեկավարությանը այդ պատվավոր պարգևը Հայաստանի ներկայացուցչին շնորհելու համար, ինչն էլ ավելի խորհրդանշական է այս տարի, երբ Հայաստանն ու Իտալիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30֊ամյակը։
Այցի ընթացքում Կավրիլիայի քաղաքային խորհրդի ղեկավարության հետ քննարկվել են նաև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Վիգեն Ավետիսյը 1998 թվականից բնակվում և ստեղծագործում է Ֆլորենցիայում։ 2008 թվականից «40 ֆլորենտացիներ» միության անդամ է, 2009 թվականից՝ Ֆլորենցիայի Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ։ 2006 թվականին դասավանդել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, 2007 թվականից՝ Պալլացո Սպինելլիի արվեստի և վերականգնման ինստիտուտում։ Դոցենտ է։
2002 թվականին արժանացել է Իտալիայի Նովարա քաղաքի կենտրոնական շատրվանի նախագծի համար մրցույթի 1-ին մրցանակի։
2011 և 2012 թվականներին կազմակերպել է Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումները