Հայաստանը բանակցություններում հանդես է գալիս բավական ամուր ելակետային դիրքերից. քաղաքագետների դիտարկումները
«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը տեղափոխել այլ հարթակ, ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այն հիմնական ձևաչափը, որի շուրջ կարող են և ընթանում են բանակցությունները»,-այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը «Նովոստի Արմենիա» միջազգային լրատվության գործակալության կողմից ստեղծված փորձագետների ակումբի առաջին նիստում:
Քաղաքագետի խոսքերով` վերջին 16-18 ամիսների ընթացքում շփման գծում նկատվում է լարվածության բարձրացում: Սակայն ըստ փորձագետի` ադրբեջանական կողմի սադրիչ գործելաոճը այդ երկրի համար որևէ ցանկալի արդյունք չի բերում:
«Ընդհակառակը, անցնող տարվա իրենց հայտարարություններում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ընդհանուր հայտարարությունների փոխարեն հստակ մատնանշեցին սադրանքների իրական մեղավոր կողմին»,-ասաց Ա. Մարկարովը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վաղը կայանալիք հանդիպմանը, ապա քաղաքագետը լավատես չէ հանդիպման արդյունքների հարցում` նշելով, որ ադրբեջանական կողմին, ամենայն հավանականությամբ, կառաջարկեն գնալ լարվածության նվազեցմանը, ինչին պաշտոնական Բաքուն դժվար թե համաձայնի:
Նիստին ներկա մյուս բանախոս քաղաքագետ Սերգեյ Մինասյանն իր հերթին նշեց, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտոնական Բաքուն ընտրել է սահմանին կիրառվող զինատեսակների որակական և քանակական փոփոխության քաղաքականություն: Ըստ բանախոսի` 1994թ-ից ի վեր ադրբեջանական կողմն առաջին անգամ կիրառում է ծանր հրետանի, նռնակտետներ և անգամ տանկեր:
Քաղաքագետը հատուկ շեշտեց այն, որ եթե պաշտոնական Բաքվի այս գործելաոճը շարունակվի, հայկական կողմը կարող է գնալ կանխարգելիչ ռազմական հարվածի:
Ըստ Սերգեյ Մինասյանի` վերջին շրջանում Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը մեր երկրում ամրապնդում են հայկական կողմի նման հնարավոր քայլի հասարակական և քաղաքական պահանջը:
Սերգեյ Մինասյանը նույնպես որևէ բեկումնային զարգացում չի ակնկալում վաղը կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից:
«Ամենակարևորն այստեղ հանդիպման փաստն է: Ոչ ոք չի սպասում, որ բանակցային գործընթացով կարող է լինել լուրջ առաջընթաց: Բանակցային գործընթացը որպես առանձին կատեգորիա գոյություն չունի», - նշեց Սերգեյ Մինասյանը:
«Նովոստի Արմենիա» գործակալության խորհրդի նախագահ, քաղաքական մեկնաբան Կոնստանտին Պետրոսովը նշեց, որ վաղը կայանալիք հանդիպմանը հնարավոր է լինի լարվածության մակարդակի նվազեցման փորձ: Վերջինիս խոսքով` ինչպես վերջին տարիներին, այնպես էլ հիմա հայկական կողմը հանդես է գալիս որպես խաղաղություն արտահանող:
Նիստին ներկա «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը նշեց, որ հայկական կողմը բանակցություններում հանդես է գալիս բավական ամուր ելակետային դիրքերից: Ըստ Արամ Սաֆարյանի` ադրբեջանական կողմի սադրանքները չեն հասել իրենց հիմնական նպատակին` չեն խարխլել երկու հայկական պետությունները, իսկ հասարակությունը դարձել է շատ ավելի համախմբված:Ամեն դեպքում ըստ Ա. Սաֆարյանի` անգամ ամենավատ բանակցությունը ավելի լավ է քան պատերազմը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան