Դատախազությունն արձագանքում է Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը
Գլխավոր դատախազությունն արձագանքել է ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը։
«Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:
Հանձնարարվել է նաև ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն:
Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել»,-ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդազարյանի պատժում են ոչ միայն Վանեցյանի կամ Ղազինյանի հետ ընկերություն անելու համար. Սոս Հակոբյան
- Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ. ԲԴԽ-ն նիստը նշանակելիս ցուցաբերել է շտապողականություն, իսկ նիստում թույլ տվել խախտումներ
- ԲԴԽ-ն մերժեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը
- ԲԴԽ-ն, Ջհանգիրյանը երկրորդական են, բխում են մեկ իրավիճակից, որ դեռևս չունենք՝ առանց Նիկոլ Հայաստան. Վարդևանյան