Հնարավո՞ր է արդյոք` կկնքվի Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ անվտանգության պայմանագիր
Թուրք վերլուծաբան Քյուրշաթ Քորքմազը Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության համար գրած հոդվածում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ համագործակցության հեռանկարներին, գրում է Էրմենիհաբերը։
Ըստ նրա՝ Քաշմիրի խնդիրը և Աֆղանստանում անկայունությունը շատ առումներով ազդում են Պակիստանի վրա, քանի որ Պակիստանը տարիներ շարունակ սահմանային խնդիրներ ունի Հնդկաստանի հետ: Քորքմազը հիշեցրել է, որ ղարաբաղյան խնդրի պատճառով Ադրբեջանը խնդիրներ ունի իր հարևան Հայաստանի՝ նշելով, որ 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը «հայկական օկուպացիայից ազատագրել է իր տարածքի մի մասը»։
Վերլուծական հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում բարդություններ ունի Ռուսաստանի հետ՝ վերջինիս երկդիմի քաղաքականության և Հայաստանին ցուցաբերած աջակցության պատճառով: Բացի այդ, Իրանում «ադրբեջանցի թուրքերի» առկայությունը բացասաբար է ազդում Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների վրա։
Քորքմազը նաև նշում է, որ երեք երկրներն ունեն բավականին մեծ հնարավորություններ ընդհանուր անվտանգության քաղաքականության մշակման գործում: Անվտանգության եռակողմ պայմանագրի հիման վրա Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համախմբումը կարևոր զարգացում կլինի տարածաշրջանային և գլոբալ հավասարակշռության տեսանկյունից։
Թուրք վերլուծաբանի համոզմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Պակիստանի ընդհանուր աշխարհագրական սահման չունենալը թերություն չի հանդիսանում անվտանգության հնարավոր պայմանագրի հաստատման համար։ Այն փաստը, որ Պակիստանի բանակը պաշտպանական և ռազմական հզորությամբ 10-րդն է աշխարհի ուժեղագույն բանակների շարքում, իսկ Թուրքիայինը՝ 11-րդ տեղը, մեծացնում է անվտանգության պայմանագրի տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունը:
Զսպման առումով կարևոր պարամետրերից մեկն էլ թուրք վերլուծաբանը համարում է այն, որ Պակիստանը միջուկային զենք ունեցող աշխարհի 9 երկրներից մեկն է։
Թուրքական պետական լրատվական գործակալության միջոցով տարածվող այս թեզերի հեղինակը պնդում է, որ պետությունների ռազմական կարողությունները ներուժ ունեն զսպող գործոն ստեղծելու և նվազեցնելու սպառնալիքի մակարդակը։ Ամփոփելով եզրակացնում է, որ անվտանգության այդպիսի պայմանագրի կնքումը զգալի նպաստ կունենա համաշխարհային անվտանգության ապահովման գործում։